211652_close_icon
views-count1288 դիտում article-date 16:10 15-07-2023

«Սա է պատճառը, որ ենթարկվում ենք այլոց օրակարգերին. ՀՀ իշխանությունները ոչ թե մեր ազգային, այլ այլոց շահերն են սպասարկում». Թևան Պողոսյան. «Փաստ»

Հուլիսի 21-ին Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա ավելի շուտ, ավելի կոնկրետ՝ այսօր՝ հուլիսի 15-ին։ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի խոսքով, Ադրբեջանի կողմից շտապողականությունը բնական է, որովհետև գիտի, որ իր շահերը լավագույնս է սպասարկվում։

«Այն երկրները, որոնք զգում են, որ իրենց շահերը սպասարկվում են, ինչո՞ւ չշտապեն, չշտապելու հարցում ի՞նչն է իրենց խանգարելու։ Քանի որ իրենց շահերը սպասարկվում են, Ադրբեջանն ու արևմտյան շատ երկրներ հանգիստ առաջ են գնում։ Իսկ այն երկրները, որոնք գիտակցում են, որ իրենց շահերը տուժում են, սովորաբար աշխատում են չշտապել։ Այս տեսանկյունից հարց է, թե ինչո՞ւ ենք մենք շտապում, բայց պատասխանը պարզ է։ Հայաստանի իշխանությունները ոչ թե մեր ազգային շահերը, այլ այլոց շահերն են սպասարկում։ Սա է պատճառը, որ մենք ենթարկվում ենք այլոց օրակարգերին»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Թ. Պողոսյանը։

Ինչ վերաբերում է գործընթացներին զուգահեռ Ադրբեջանի կողմից լարվածության մեծացմանը, մեր զրուցակիցը շեշտեց, որ թշնամին չի փոխվել։ «Առհասարակ դարեր ի վեր թշնամու նպատակը նույնն է։ Իրենց նպատակը մեզ վերացնելն է այս տարածաշրջանում, և եթե այստեղ վերացանք, հետո աշխարհով մեկ են պայքարելու մեր վերացման համար։ Մենք սա պետք է ընդունենք ու այդ շրջանակում դիտարկենք թե՛ ապագայի, թե՛ ներկայի բոլոր հարցերը։ Թշնամին իր նպատակից անգամ մեկ միլիմետր չի հեռացել։ Ցեղասպանություն իրականացրած ազգերի նպատակը ոչ թե միայն Հայաստանը, այլ ազգին վերացնելն է։ Հայաստանն այն երկիրն է, որտեղ հայ ազգը պետք է ապրի, դրա համար էլ ասում ենք՝ հայրենիք, իսկ եթե հայրենիքը վերացնեն, մյուս խնդիրներն էլ են վերացնելու»,-ասաց նա՝ շեշտելով, որ թե՛ թշնամիների, թե՛ այլ երկրների գործողությունները պարզ են, քանի որ առաջ են գնում ըստ իրենց շահերի։

«Կան երկրներ, որոնց դիրքորոշմամբ այսօր իրենք պետք է սպասարկեն Թուրքիայի շահերը, որովհետև Թուրքիայից բան կա վերցնելու։ Սա աշխարհի կանոնն է, որը դարեր չի փոխվել ու առաջիկա հազարամյակներում ևս չի փոխվելու։ Այս ամենի մեջ պետք է հասկանանք՝ ի՞նչ ենք մենք անում՝ պաշտպանելու և՛ հայրենիքը, և՛ ազգին։ Կա՛մ պետք է սա գիտակցենք ու, ըստ այդմ, դասավորենք մեր կյանքը, կա՛մ էլ պարզապես պետք է մնալ սպասարկողի դերում, ինչպես միշտ է եղել, երբ փորձել ենք զարգանալ այլ երկրների, ժողովուրդների իշխանության ներքո։ Սեփական երկիրը պետք է սիրել, պետք է ունենալ արժեքներ, որ երկրի համար հնարավոր լինի պայքարել։ Երբ խոսում ենք արժեքների մասին, բայց ոչինչ չենք անում, արդյունքում ցանկացած գործող իշխանություն իշխանության մնալու խնդիրներն է սպասարկելու, այնպես, ինչպես անում է այսօրվա գործող իշխանությունը։ Այնպես որ, այս իշխանություններից որևէ բան սպասել պետք չէ, միայն նոր պարտություններ են լինելու։ Նշվածով է նաև պայմանավորված թշնամու վարքագիծը։ Տեսնում, ասում են՝ «եթե հայ ազգը ոչինչ չի անում, ինչո՞ւ պետք է դանդաղեցնենք գործընթացը, երբ այսօր կարող ենք անել ու առավելագույնը պոկել»»,-ասաց Թ. Պողոսյանը՝ շեշտելով, որ այս իրավիճակով է պայմանավորված վերոնշյալ շտապողականությունը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

Նմանատիպ նյութեր