211652_close_icon
views-count1486 դիտում article-date 22:20 11-07-2023

Տիրան Խաչատրյանը կեղծ տեղեկություն է տարածում լոկ քաղաքական դրդապատճառներով․ վարչապետի աշխատակազմը՝ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալի հայտարարության մասին

Հայաստանի վարչապետի աշխատակազմից արձագանքել են Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի հայտարարությանը, «թե եղել են դեպքեր, երբ բանակը կառավարությունից գումար է խնդրել, սակայն կառավարությունը մերժել է»։  

Տիրան Խաչատրյանի հայտարարության վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից նշել են, որ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը ժամանակ առ ժամանակ լրատվամիջոցներով ներկայացնում է պնդումներ, որոնք ոչ միայն հիմնազուրկ են, այլև հասարկությանը մոլորեցնելու առերեւույթ նպատակ են հետապնդում:

«Խաչատրյանի կեղծ ձևակերպումները, թե իբրև բանակի կարիքները հոգալու ու առաջնահերթ ձեռքբերումներն իրականացնելու համար Կառավարությունը գումար չի հատկացրել, աղերս չունեն իրականության հետ:

Ակնհայտ սուտ տեղեկատվությունը Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալի կողմից տարածվում է  լոկ քաղաքական դրդապատճառներով: Առնվազն տարօրինակ է, որ մի քանի դրվագներով վերջինիս պնդումները հակասում են նաև իր նախկին վերադասի՝ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի կողմից արված հրապարակային հայտարարարություններին: Տիրան Խարատրյանը մտացածին եւ անհիմն պնդումներով փորձում է տպավորություն ստեղծել, որ Զինված ուժերի բնականոն զարգացումը խոչընդոտվել է Կառավարության պակաս հատկացումների պատճառով:

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ 2018 թվականից մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմի մեկնարկը, Կառավարությունը սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար հատկացրել է շուրջ 608 միլիարդ դրամ: Համեմտության համար նշենք, որ 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ 10 տարի 4 ամսում, Հայաստանի նախորդ Կառավարությունները նույն նպատակի համար ծախսել են 354 միլիարդ դրամ: Ստացվում է, որ երկու տարում իրականացվել է  նախորդող 10 տարվա ձեռքբերումների ծավալի գրեթե կրկնակին»,- ասված է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տրամադրած պատասխանում:

Նմանատիպ նյութեր