211652_close_icon
views-count51456 դիտում article-date 12:40 11-07-2023

Խոշոր ավտովթար Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարհին, բախվել են Opel-ն ու Ford Fusion-ը. 6 վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, Պարեկային ծառայության Երևանի գնդի վաշտի հրամանատարն ու շտապօգնության բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 40-ամյա Վահագն Ա․-ի վարած Opel մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Դավիթ Ս.-ի վարած Ford Fusion մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ford Fusion-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին։

Վթարի հետևանքով Opel-ի վարորդը, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ  42-ամյա Ե․ Աղայանը, 30-ամյա Ա. Օսիպյանը տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Իսկ Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Ն․ Մարկոսյանը, Երևանի բնակիչ 37-ամյա Ա․ Գրիգորյանը և Ford-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կնետրոն։ 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ովքեր մինչև շտապօգնությունների ժամանումը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Ապա օպերատիվորեն օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանն ու նույն վաշտի պարեկ Էդգար Հայրապետյանը։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Պարզվել է, որ վթարը Կոտայքի մարզի վարչական տարածքում է, ինչի համար էլ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությանը փոխանցել են ՊԾ Կոտայքի մարզի գումարտակ, որտեղից ժամանել են 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի 1-ին դասակի ավագ պարեկ Սուրիկ Բաղդասարյանն ու պարեկ Ալբերտ Հովհաննիսյանը։ 

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի և բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով՝ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր