211652_close_icon
views-count48283 դիտում article-date 16:13 20-06-2023

Արտակարգ դեպք Բջնիում՝ պահածոների գործարանի հարևանությամբ, հողային աշխատանքների ժամանակ ապառաժ քարերը պոկվել և հողաշերտով լցվել են տրակտորի և բեռնատարի վրա․ աշխատակիցները հրաշքով են փրկվել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հունիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղում՝ պահածոների գործարանի հարևանությամբ, հողային աշխատանքներ կատարելու ժամանակ տեղի է ունեցել փլուզում, և հսկայական ապառաժ քարերն ու հողաքարային զանգվածը թափվել են տրակտորի և բեռնատարի վրա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզի թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և տեղում կատարել հերթապահություն։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ։

Տեղում նույն վաշտի պարեկներ Մհեր Շահնազարյանն ու Զորիկ Սարգսյանը ուժեղացված ծառայություն են կատարում որպեսզի քաղաքացիները չանցնեն սահմանազատված տարածքը, քանի որ ամեն պահի հնարավոր է՝ փլուզումը շարունակվի, և իրենցից վտանգ ներկայացնող ապառաժ քարերը պոկվեն ու գահավիժեն ցած։ 

Այս պահին Պարեկային ծառայությունը շարունակում է դեպքի վայրում հսկողություն իրականացնել, մինչև կորոշվի, թե որ կառույցն է գալու և զբաղվելու խնդրով։

Տրակտորն ու Hovo մակնիշի բեռնատարն էլ ամբողջովին դարձել են ոչ շահագործելի, մեծ մասամբ հայտնվել են ապառաժ քարերի և հողածածկույթի տակ։

Ժամանել են նաև Ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հեթապահի գլխավորությամբ։

Ոստիկանությունը պարզում է բեռնատարի և տրակտորավարի ինքնությունը, ինչպես նաև՝ որ ընկերության կողմից են աշխատանքներ կատարվում։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր