211652_close_icon
views-count58291 դիտում article-date 23:25 12-06-2023

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. Ford Transit-ով վթարի ենթարկված պայմանագրային զինծառայողներից մեկը տեղում, մյուսը՝ հիվանդանոցում, մահացել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ  39-ամյա Վարուժան Բ.-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Վարդավանք - Կապան ավտոճանապարհի 4.5 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և մի քանի պտույտ գլորվելով հայտնվել ձորում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վարուժան Բ.-ն տեղում մահացել է, իսկ ուղևոր Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Հարություն Գ.-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ մահացածի մարմինը դուրս են բերել ձորից և մոտեցրել դիատարին, իսկ վիրավորին՝ շտապօգնության ավտոմեքենային:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ  սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: 

Ժամանել է նաև ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արա Դավթյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վաչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ:

Մինչ դեպքի վայրում քննիչի զննություն էր կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Կապանի բաժին, որ վիրավոր Հարություն Գ.-ն վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: 

Վթարի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում  նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով` մահացածները ծառայում էին ՀՀ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայողներ: 

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր