211652_close_icon
views-count230348 դիտում article-date 10:58 27-05-2023

Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են Volkswagen-ն ու 06-ը, կա 1 զոհ, 7 վիրավորներից մի քանիսը որոնցից 2-ին հիվանդանոց են տեղափոխել պարեկները ըմբշամարտիկներ են և մեկնում էին մրցումների․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 09․00-ի սահմաններում Գառնի-Արտաշատ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Volkswagen և «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները։

Վիրավորներից 3-ին հիվանդանոց են տեղափոխել պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենաներով։

Օպերատիվ են գործել Գառնու ամբուլյատոր կենտրոնի և Աբովյանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում 1-ին բուժօգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ՊԾ Կոտայքի բաժնի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Ջուլիետա Առուշանյանն ու Կարեն Խուդանյանը։ Հենց վերջիններս են մինչև շտապօգնությունների ժամանումը առաջին բուժօգնություն ցուցաբերել վիրավորներին և իրենց ծառայողական ավտոմեքենաներով երեքին տեղափոխել հիվանդանոց, ապա վերադարձել վթարի վայր ու շարունակել ծառայությունը։

Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու վիրավորներից մի քանիսը Արարատի մարզի բնակիչներ էին, և մեկնում էին Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու, որը նվիրված էր զոհված ըմբշամարտիկի հիշատակին։

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ Volkswagen-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Ավետիք Բաղդասարյանը, իսկ VAZ 2106-ը վարել է Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Արտյոմ Օրդոյանը։ 

Վթարի հետևաքնով վերջինս տեղում մահացել է։ Volkswagen-ի վարորդ Ա․ Բաղդասարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Իսկ «06»-ի ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 8-ամյա Սարգիս Օ․-ն, ով «06»-ի վարորդի տղան է, 9-ամյա Դավիթ Օ․-ն, ով նույնպես «06»-ի վարորդի որդին է, 21-ամյա  Հայկ Ա․-ն, 12-ամյա Ռոբերտ Ա․-ն, 12-ամյա Վահան Օ․-ն և 21-ամյա Նորիկ Ղ․-ն տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները բուժօգնություն ցուցաբերելուց հետո երեխաներից մի քանիսին տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։


Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 130+
130+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր