211652_close_icon
views-count1168 դիտում article-date 23:20 15-05-2023

86,600 քառակուսի կիլոմետրը համապատասխանում է խորհրդային Ադրբեջանի տարածքին, որի կազմ 1921 թվականին ապօրինի մտցվել է Լեռնային Ղարաբաղը․ Մայիլյանը՝ Միշելին

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կախված չէ առանձին պետությունների ղեկավարների կարծիքից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Մասիս Մայիլյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումից հետո մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությանը բանակցությունների արդյունքների վերաբերյալ։

«Մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների արդյունքների մասին հայտարարությամբ։ Շառլ Միշելը նշել է, որ կողմերը հաստատել են իրենց միանշանակ հավատարմությունը 1991 թ. Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի (29,800 քկմ) ու Ադրբեջանի (86,600 քկմ) տարածքային ամբողջականությանը:

Նշենք, որ 86,600 քառակուսի կիլոմետրը համապատասխանում է խորհրդային Ադրբեջանի տարածքին, որի կազմ 1921 թվականին ապօրինի մտցվել է Լեռնային Ղարաբաղը՝ հայկական ինքնավարության ձևով։ Քանիցս հրապարակվել են իրավաբանական ծանրակշիռ փաստարկներ, որոնք ապացուցում են, որ Ալմաթիի հռչակագրի ընդունումից առաջ Լեռնային Ղարաբաղն իրավական ակտերի ընդունման ճանապարհով անջատվել էր խորհրդային Ադրբեջանից և երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։

Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումն առանց այն վերապահման, որ այդ ամբողջականությունը չի տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա, մարտահրավեր է մեզ համար, բայց ոչ մի կերպ չի կարող ազդել Արցախի՝ որպես ինքնորոշված, թեկուզև առայժմ միջազգային մակարդակով չճանաչված հանրապետության կարգավիճակի վրա։

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կախված չէ առանձին պետությունների ղեկավարների կարծիքից։ Արցախի Հանրապետությունը ստեղծվել է Արցախի ժողովրդի կամարտահայտության հիման վրա, և այդ կամքն անսասան է։ Հարկ է նշել, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ու սփյուռքահայությունն են պաշտպանում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Արցախի Հանրապետությունը ճանաչել են տասնյակ նահանգներ, տեղաշրջանններ և քաղաքներ աշխարհով մեկ՝ Լոս Անջելոսից մինչև Սիդնեյ՝ մի քանի հարյուր միլիոն բնակչությամբ։ Այս համատեքստում կարևոր են Արցախի հարցով Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի 2020 և 2022 թվականներին միաձայն ընդունված բանաձևերը։

Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունը ոչ միայն մարտահրավեր է, այլ նաև Արցախի Հանրապետության միջազգային իրավասուբյեկտության ամրապնդման հնարավորություն։ Ակնհայտ է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կարող է առավել արդյունավետ հիմքը դառնալ Արցախի ու Ադրբեջանի միջև հակամարտության համապարփակ և հաստատուն կարգավորման համար։ Միջազգային և տարածաշրջանային ակտորները եթե իրապես շահագրգռված են Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմամբ, ապա պարտավոր են հարգել Արցախի Հանրապետության քաղաքացիների կամարտահայտությունը»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր