211652_close_icon
views-count928 դիտում article-date 13:22 10-05-2023

Կամավոր աշխատանքը կհամարվի աշխատանքային փորձառություն. ԱԺ-ում քննարկվեց համապատասխան օրենքի նախագիծը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Ազգային ժողովում քննարկման ներկայացրեց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի մասին նախագիծը, որով կկարգավորվի կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները, սահմանում կամավոր աշխատանքի հետ կապված սկզբունքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանակ համապատասխան օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, նշելով, որ օրենքը կսահմանի կամավոր աշխատանքի սուբյեկտները, նրանց հիմնական նպատակները, իրավունքներն ու պարտականությունները, կամավոր աշխատանքի հետ կապված ծախսերի վճարման, ինչպես նաև կամավոր աշխատանքի կատարման իրավական հիմքերն ու այլ առանձնահատկությունները:

«Տարբեր շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում բերել ենք մի նախագիծ, որը հնարավորություն կտա արդեն օրենսդրական մեխանիզմների միջոցով օժանդակել և զարգացնել կամավոր գործունեությունը Հայաստանում։

Բարեբախտաբար, կամավորության գաղափարախոսությունը Հայաստանում զարգացել է շատ շուտվանից՝ չսպասելով օրենսդրական կարգավորումներին»,- նշեց Սարգսյանը։

Նախարարի տեղակալի խոսքով՝ «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի ընդունման, մշակման փորձը դեռևս սկսվել է 2006 թվականից, սակայն տարբեր պատճառներով Ազգային ժողով չի հասել։

«Օրենքի ընդունումը կնպաստի երկրում կամավոր ինստիտուտի կայացմանը, «կրթություն-աշխատաշուկա» արդյունավետ փոխառնչությանը, որակյալ աշխատուժի ձևավորմանը, աշխատաշուկայի մրցակցության բարձրացմանը, կաջակցի աշխատաշուկա մուտք գործող անձանց աշխատաշուկայի միտումներին ծանոթանալուն և աշխատաշուկայում ինտեգրվելուն, բնակչության կյանքի որակի բարձրացմանն ու կենսակերպի բարելավմանը, ինքնակազմակերպվող ու քաղաքացիական ակտիվ հասարակության ձևավորելուն, կաջակցի անձի կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելմանը կամ այդ վիճակից դուրս բերելուն կամ սոցիալական ներառմանը»,- ասաց Սարգսյանը։

Նախարարի տեղակալը ներկայացրեց նաև կամավոր ինտիտուտի առկա իրավիճակը, ընդգծելով, որ ներկայումս բացակայում են կամավորին անօրինական և վարձու աշխատողին տարանջատելու հիմքերը, հնարավոր չէ տարանջատել կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերություններն աշխատանքային հարաբերություններից, կամավորները չունեն իրավական կարգավիճակ և այլն։

«Այս նախագծով ամրագրվում են մի քանի սկզբունքներ՝ կհիմնավորվի կամավորությամբ զբաղվելու փաստը և փորձառությունը, սույն օրենքով սահմանված կարգով կատարված կամավոր աշխատանքի ժամանակահատվածը կամավորի համար կհամարվի աշխատանքային փորձառություն, կամավորը կունենա իրավական կարգավիճակ, կհատուցվի նրա ծախսերը, կերաշխավորվի առողջությունը և անվտանգությունը և այլն»,- ասաց Սարգսյանը։

Նմանատիպ նյութեր