211652_close_icon
views-count38133 դիտում article-date 12:29 02-05-2023

Գիշերը Բալահովիտում հրկիզել են տեղի հայտնի խանութներից մեկը․ հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է կրակի տարածումը, սակայն սեփականատերը կրել է խոշոր չափի վնաս․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 2-ին, հրկիզման միջոցով գույքի դիտավորյալ ոչնչացման դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղում գործող «Մհուբ» մարկետում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջները մարել են խանութի մուտքի ներսի հատվածում բռնկված հրդեհը, ինչի շնորհիվ կանխվել է կրակի տարածումը։ Ու եթե հրշեջները օպերատիվ չգործեին, խանութի ողջ գույքը վերածվելու էր մոխրակույտի։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Դեպքի մասին Ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանի և քննիչ Պետրոս Հակոբյանի գլխավորությամբ։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել դիտավորյալ հրկիզում, քանի որ դեպքի վայրում հայտնաբերվել է երկաթե ձող, որով կոտրել են խանութի մուտքի դռան ապակին, ապա դիզվաեռլիք են լցրել ներս, փայտի ծայրին ամրացված կտորը վառել ու կրակը նետել են խանութի ներս։

Երջանիկ պատահականությամբ՝ այդ պահին կրակը տեսել է քաղաքացին, ով ահազանգել է 911։ Եվ օպերատիվորեն ժամանած Աբովյանի հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ 

Այրվել է խանութի մուտքի դռան մոտ տեղադրված տերմինալը, դուռը։ Ընդհանուր առմամբ՝ խանութին պատճառվել է մոտ 2 միլիոն դրամի վնաս։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում՝ հրկիզման եղանակով գույքի ոչնչացում հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժշետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղղությամբ։

 Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր