211652_close_icon
views-count739 դիտում article-date 17:53 25-04-2023

Բրյուսելում հիշատակել են Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը

Բելգիայի հայերը Բրյուսելի հայ առաքելական Սուրբ Մագդաղենացի եկեղեցում՝ հարգանքի տուրքով, հիշատակել են Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Բելգիայի հայերի կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ներկաները եկեղեցուց քայլերթով գնացել են Իքսել համայնքի Հենրի Միշո հրապարակում տեղակայված՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ։

Հիշատակման արարողությանը ներկա էին Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աննա Աղաջանյանը, Հյուսիս-Ատլանտյան դաշինքում ՀՀ առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը, Բելգիայի քաղաքական վերնախավից ներկայացուցիչներ, փոքրամասնությունների համայնքային կառույցներից անդամներ։

Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Ունուսյանն իր բացման խոսքում ընդգծել է, որ համայնքային կառույցները պատրաստ են համագործակցել ներկա քաղաքական գործիչների և կառավարության ներկայացուցիչներից յուրաքանչյուրի հետ՝ մշակելու և իրականացնելու գործողություններ, որոնք անհրաժեշտ են պաշտպանելու մարդկային հիմնարար իրավունքները, որոնցից արդեն 134 օր է  զրկված է արցախահայությունը:

ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանն իր ելույթում հիշեցրել է, որ արցախահայությունն արդեն հինգ ամիս է շրջափակման մեջ է եւ արձանագրել, որ միջազգային հանրության համար դա սովորական է դարձել։ Դեսպանի խոսքով Ադրբեջանի նախագահի ելույթները, որ համահունչ են անցյալի ցեղասպան ղեկավարների ելույթներին, լուրջ հակադարձ չեն ստանում եւ չեն դատապարտվում: Դրա հետևանքով այսօր էլ՝ մեկ դար անց, հայությանը սպառնում է գոյաբանական վտանգը։

Իքսելի համայնքապետ Քրիստոս Դուլկերիդիսն իր խոսքում նշել է, որ Իքսելի համայնքապետարանի համար պատիվ եւ միեւնույն ժամանակ մեծ պատասխանատվություն է հիշատակման այս արարողությանն իրենց ամբողջ գործիքակազմով աջակցելը, քանի որ հիշատակելով են սովորում պատմությունն ու դասեր քաղում անցյալից։

«Շնորհակալ եմ կոմիտեի նոր անձնակազմին, քանի որ եթե այսօր հիշողությունը շարունակվում է, դա հավատարմորեն հետամուտ լինող մարդկանց շնորհիվ է։ Մեր գործողությունները պետք է համահունչ լինեն մեր քաղած դասերին, բայց, ցավոք, պատմության սխալները կրկնվում են եւ մենք դեռ շատ անելիք ունենք»,-ասել է նա:
 
Ներկայացուցիչների պալատի անունից ելույթ ունեցող Միշել դը Մագդը շեշտադրել է՝ լռությունը եւ լռողները մի օր կարող են հանցակից դառնալ.

 «Հաջորդ տարի Բելգիան է նախագահելու Եվրամիության խորհուրդը։ Սա կլինի լծակ, որը մենք պետք է մոբիլիզացնենք՝ միջազգային ասպարեզում Հայաստանում իրավիճակն առաջին պլան մղելու համար»։

Վալոնիա-Բրյուսել ֆեդերացիայի նախարար-նախագահ Պիեռ-Իվ Ժեհոլեն եւս իր ելույթում ընդգծել է հիշողության կարեւորությունն ու հավելել, որ մարդկության հանդեպ իրականացված այս ոճրագործությունների վերաբերյալ լռությունը մտահոգիչ է։ Երկար ժամանակ աշխարհաքաղաքական, դիվանագիտական եւ տնտեսական պատճառներով ճշմարտությունը ստվերում է մնացել եւ հենց լռությունն է, որ ճանապարհ է հարթել նոր ոճիրների համար։

Բելգիայի ֆլամանական կառավարության փոխնախարար-նախագահ Բեն Վեյտսն իր ելույթով հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին և մասնավորապես հորդորել Օսմանյան կայսրության իրավահաջորդներին առանց բարդույթների և տաբուների նայել իրենց պատմության մութ էջերին:

Պոնտիկ հույների, ասորիների, հրեաների, քրդերի եւ տուտցիների համայնքային ներկայացուցիչներն իրենց ելույթներում եւս մեկ անգամ դատապարտել են Թուրքիայի եւ միջազգային հանրության ժխտողականության քաղաքականությունն ու վերահաստատել իրենց զորակցությունը հայ ժողովրդին։
 
Ապրիլ 24-յան հիշատակման միջոցառումն ավարտվել է Բելգիայում Հայոց հոգեւոր հովիվ՝ վարդապետ Զատիկ Ավետիքյանի աղոթք ուղերձով։ Արարողության ավարտին, բելգահայությունը բողոքի քայլերթ է իրականացրեց դեպի Թուրքիայի դեսպանություն։ Օրվա ավարտին Բրյուսելի Հայ Տանը հայ երաժիշտների մասնակցությամբ հիշատակի երեկույթ է տեղի ունեցել ։

Նմանատիպ նյութեր