3078 դիտում
15:37 15-02-2020
ԱՄՆ կոնգրեսում հիշատակել են Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցը
Հայկական հարցերով ԱՄՆ կոնգրեսական հանձնախմբի անդամ կոնգրեսականները, մարդու իրավունքների պաշտպաններ, դիվանագետներ, Ամերիկայի հայկական համայնքի ներկայացուցիչները և ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը մասնակցել են Քեփիթոլ Հիլլում կազմակերպված միջոցառմանը՝ նվիրված Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցին։
Միջոցառման մասնակիցները կոչ են արել ԱՄՆ կառավարությանը շարունակել ֆինանսական աջակցություն տրամադրել Արցախին՝ ականազերծման և այլ ծրագրեր իրականացնելու համար։ Կոնգրեսականների շարքում էին Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գաս Բիլիրաքիսը, Ջեքի Սփիրը, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջուդի Չուն, Ջիմ Կոստան, Թիջեյ Քոքսը, Ռաջա Կրիշնամուրթին, Անդի Լևինն ու Ջան Շակովսկսին։ Միջոցառմանը ելույթով է հանդես եկել նաև Աննա Աստվածատրյան-Թերքոտը՝ ներկայացնելով իր հիշողությունները Բաքվի ջարդերի և փախստական դարձած ընտանիքի անցած ուղու մասին։
Միջոցառումը կազմակերպվել էր Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի (ANCA), Ամերիկայի Հայկական Համագումարի, ՀՀ դեսպանատան և Արցախի կառավարության ու Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համագործակցությամբ։
Ջեքի Սփիրը և մի շարք այլ կոնգրեսականներ փետրվարի 11-ին և 12-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ամբիոնից ունեցած ելույթներում հիշատակել հայկական ջարդերը ու կոչ արել ԱՄՆ կառավարությանը՝ ճանաչել համայն մարդկության դեմ կատարված ոճրագործությունը։ Սփիրը Բաքվի ջարդերը անվանել է «Ադրբեջանական համայնքներում, մասնավորապես՝ Սումգայիթում և Կիրովաբադում, հայերի դեմ տարիներ ի վեր իրականացված վայրագությունների բարձրակետը»։ Կոնգրեսականը մտահոգություն է հայտնել, որ Արցախում ականանազերծման աշխատանքներ իրականացնելուն ուղղված ԱՄՆ կառավարության ֆինանսավորումը այս պահին վտանգի տակ է, այնինչ թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը, ի տարբերություն Ադրբեջանի, ընդունել են կոնգրեսականներ Ռոյսի և Էնգելի խաղաղության առաջարկությունների փաթեթը [հետաքննության մեխանիզմներ]։ Նա նշել է նաև, որ հակառակ սրան, ԱՄՆ կառավարությունն ավելացրել է Ադրբեջանին տրվող ռազմական աջակցությունը։
Կոնգրեսականն իր ելույթում ընդգծել է խաղաղության, անվտանգության և ազատության ապահովման կարևորությունը, և դիմել Կոնգրեսին՝ կոչ անելով աջակցություն ցույց տալ խաղաղության և ժողովրդավարության համար պայքարողներին, ասելով. «Մենք պիտի պայքարենք այն մարդկանց հիշատակի համար, որոնց կորցրել ենք, նրանց անվտանգության ու պաշտպանվածության երազանքների և ազատ Արցախ ունենալու խոստման համար»։
Բաքվի ջարդերը հիշատակել են նաև Ջան Շակովկսին և Ռայա Կրիշնամութին (Իլինոյս նահանգի ներկայացուցիչներ), Ջեմի Ռասկինը (Մերիլենդ) և Ջեյմս ՄաքԳովերնը (Մասաչուսեթս)։ Շակովսկին կարևորել է հայերի դեմ իրականացված ջարդերի մասին կրթության դերը, և նշել, որ շարունակելու է համագործակցել իր կոլեգաների հետ՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթական ծրագիրը Իլինոյսից բացի նաև այլ նահանգների կրթական համակարգում ներդնելու նպատակով. «Մենք պետք է անենք այնպես, որ Սումգայիթի և Բաքվի հայկական ջարդերի զոհերը երբեք չմոռացվեն և այսպիսի ատելությամբ լի բռնության գործողությունները կրկնություն չունենան։ Մենք պետք է հավատարիմ մնանք Կովկասում հարատև խաղաղության հասնելու գործընթացին այնպես, որ Արցախի ժողովուրդը կարողանա ապրել առանց ադրբեջանական բռնության և ագրեսիայի»,- ասել է կոնգրեսականը։
Իր հերթին Ռաջա Կրիշնամուրթին կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը՝ ճանաչել ջարդերը և համապատասխան քայլեր ձեռնարկել՝ հետագայում այսպիսի բռնություններ թույլ չտալու համար։ Կոնգրեսականը կոչ է արել Ադրբեջանին նաև քայլեր ձեռնարկել՝ զոհերի ընտանիքներին աջակցելու համար։
Ջեյմս Մաքգովերնը իր ելույթում նշել է, որ Բաքվի ջարդերը կամայական և մեկ անգամ տեղի ունեցած իրադարձություն չէին, այլ էթնիկական բռնությունների ալիքի գագաթնակետն էին, որ տեղի ունեցան հայերի դեմ։ «Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել այս բռնությունների և սպանությունների համար։ Ադրբեջանը մինչ այժմ շարունակում է մնալ խառնարան՝ ողջ տարածաշրջանի հայ քրիստոնյա բնակչության նկատմամբ տածած ֆանատիզմի և էթնիկ զտման ծարավի պատճառով։
Կոնգրեսական Ռասկինը ընդգծել է, որ Ադրբեջանում հայերի դեմ տեղի ունեցած ջարդերը շարունակվել են անգամ մեծ միջազգային արձագանքից հետո, այդ թվում՝ երկկուսակցական բանաձևեր, հայտարարություններ և նամակներ Կոնգրեսի անդամներից:
Կոնգրեսականը նշել է, որ երբ կառավարությունները գործողության մեջ են դնում անմարդկային հռետորաբանությունը, քաղաքականությունը և օրենքները, դրան հետևում են ատելությունը, բռնությունն ու տառապանքը, և իր գործընկերներին կոչ է արել ճանաչել 30 տարի առաջ Բաքվի հայերի դեմ տեղի ունեցած ջարդերը։
Հարկ է նշել նաև, որ Ադրբեջանում հայկական ջարդերի մասին Կոնգրեսի ամբիոնից հունվարի 30-ին ելույթ է ունեցել նաև Ֆրենկ Փալոնը։ Կոնգրեսականը նշել է, որ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել՝ մարդկության դեմ իրականացված այս ջարդերը կոծկելու, Սումգայիթի և Բաքվի վայրագությունները ժխտելու համար։
«Առավել մտահոգիչ է այն, որ այդ իրադարձության և նմանատիպ բռնությունների կազմակերպիչները ադրբեջանական կառավարության կողմից ազգային հերոսի գնահատական են ստացել։ Ցավոք, ադրբեջանական կառավարության մոտեցումը հայ ժողովրդի նկատմամբ քիչ է փոխվել ջարդերից մինչ օրս։ Մենք դեռ լսում ենք նույն բռնի հռետորաբանությունն ու վախի մթնոլորտ ստեղծելու մարտավարությունը, որն ուղղված է Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ», - հայտարարել է Փալոնը։
Նա կոչ է արել ԱՄՆ կառավարությանը ճանաչել և դատապարտել բոլոր քաղաքացիների դեմ իրականացված բռնությունները, ընդգծելով, որ եթե թույլ տան, որ այսպիսի բռնարարքները անպատիժ մնան ու չճանաչվեն, ավելի մեծ վճռականություն կտան ապագայում այսպիսի հանցանքներ իրականացնողներին։
Նմանատիպ նյութեր
4612 դիտում
09:44 14-02-2020
Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցը հիշեցին ԱՄՆ-ի Կոնգրեսում․ «Ամերիկայի ձայն»
1031 դիտում
10:15 01-03-2019
ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովը հիշատակել է Սումգայիթի ջարդերի զոհերին․ «Ամերիկայի ձայն»
736 դիտում
17:53 25-04-2023
Բրյուսելում հիշատակել են Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը
Այս բաժնից
1414 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ