211652_close_icon
views-count42813 դիտում article-date 21:52 23-04-2023

Խոշոր ու շղթայական ավտովթար Նուբարաշենի ավտոշուկայի մուտքի դիմաց. բախվել են 58 համարի ավտոբուսը, Hyundai-ն, Volkswagen-ը, Kia-ն, Nissan-ն ու 07-ը. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 19:50-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենի ավտոշուկայի գլխավար մուտքի դիմաց, բախվել են Zhongtong մակնիշի ավտոբուսը, Hyundai Sonata, Volkswagen Passat, Kia Optima, Nissan Fuga և Vaz 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ավտոշուկայի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վերջիններս վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել և հերթապահություն են իրականացնում նույն վաշտի պարեկ Սարգիս Ղուկասյանն ու կրտսեր պարեկ Հարություն Մանգասարյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Հենրիկ Գրիգորյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենաներից մի քանիսը եղել են կայանված, իսկ ավտոբուսը սպասարկում է թիվ 58 համարի երթուղին, որի ուղղությունը Էրեբունի զանգվածից միչև Ավան Առինջ է:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր