211652_close_icon
views-count1450 դիտում article-date 14:04 21-04-2023

Ադրբեջանի հոգևոր առաջնորդն արձագանքել է Գարեգին Բ-ի՝ Արցախի մասին հայտարարությանը

Կովկասի մուսուլմանների գրասենյակի նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն արձագանքել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի երեկվա հայտարարությանն առ այն,  որ Արցախը չի կարող պատկերացնել Ադրբեջանի կազմում: Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Ես չեմ կարող պատկերացնել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում: Դա կնշանակի հայ ժողովրդի նկատմամբ մի նոր ցեղասպանություն, դա կնշանակի հայաթափում Արցախի  մեր ժողովրդի: Մենք ամեն ջանք պետք է ներդնենք, որ կարողանանք միջազգային նորմերի և օրենքների շրջագծում ապահովել Արցախի մեր ժողովրդի ազատ, անկախ ապրելու իրավունքը», - ասել էր Հայրապետը:

Սրան ի պատասխան Ադրբեջանի հոգևոր առաջնորդը կարծիք է հայտնել, թե՝ «Կրոնական անձինք պետք է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության կոչ անեն. կրոնական առաջնորդների միջամտությունը քաղաքականությանը սխալ է: Մենք հայ եկեղեցուն բարեկամության կոչ ենք անում», - ասել է Փաշազադեն։

Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը, անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս կհակազդի Եկեղեցին, եթե իշխանությունը որոշի գնալ խաղաղության պայմանագրի կնքման, որով Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում, պատասխանել էր. «Մենք ներկայացրել ենք մեր  վերաբերմունքը Արցախի հիմնախնդրի ու կարգավիճակի վերաբերյալ։ Կարծում եմ մեր  ժողովուրդը որևէ կերպ չի հաշտվի Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու գաղափարի հետ։ Խաղաղության պայմանագրի հոդվածներին, կետերին մենք ծանոթ չենք և այդ առնչությամբ կարծիք չենք կարող հայտնել: Բայց մեզ համար կասկածից վեր է, որ մեր ժողովուրդը ի գին ամեն զոհողության պաշտպանելու է Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքը»:

Նմանատիպ նյութեր