211652_close_icon
views-count38744 դիտում article-date 18:43 06-04-2023

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են Վանաձոր-Գյումրի երթուղու մարդատար գազելը ու վերամբարձ կռունկը․ վերջինը կողաշրջվել է․ կան վիրավորներ․ ժամանել է Լոռու մարզի Ոստիկանության պետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 17:20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Շիրակի փողոցում վերամբարձ կռունկը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մարդատար գազելին, ապա երկաթե սյանն ու կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով Լոռու մարզի բնակիչներ 32-ամյա Լիլիթ Աբրահամյանն ու 48-ամյա Նարինե Հարությունյանը, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարաները։ Օպերատիվորեն ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօնությունն են ստացել, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիականության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Տարոնի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Զորիկ Նավասարդյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները, գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջ-փրկարարները աշխատեն։

Վթարի մասին պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ գազելը սպասարկում է Վանաձոր-Գյումրի թիվ 430 երթուղին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր