211652_close_icon
views-count1390 դիտում article-date 14:05 04-04-2023

Երևանի քաղաքապետի ընտրության հարցով ավագանին արտահերթ նիստ կհրավիրի ապրիլի 11-ին, «Իմ քայլը» թեկնածու չի առաջադրի․ Oragir.News

Երևանի ավագանին ապրիլի 11-ին արտահերթ նիստ կանցկացնի։ Օրակարգում լինելու է Երևանի քաղաքապետի ընտրության հարցը: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը: Գրում է Oragir.News-ը։

«Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի՝ մարտի 17-ի հրաժարականը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետով ու 4-րդ մասով՝ առաջարկում եմ Հրաչյա Սարգսյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարած 2023թ.-ի մարտի 17-ից: Միաժամանակ, ղեկավարվելով «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.3 հոդվածի առաջին մասով՝ առաջարկում եմ Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը սահմանել 2023 թվականի ապրիլի 11-ը, ժամը 10:00-ին»:

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը տեղեկացրեց, որ ավագանին պահպանելով օրենքով սահմանված ընթացակարգը, ընտրության օր կնշանակի, որպեսզի խմբակցությունների՝ թեկնածու առաջադրելու իրավունքն ապահովվի. «Բայց մեր խմբակցությունն այս պահի դրությամբ որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել, հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս ժամանակ է մնացել։ Այս պահին մենք նոր քաղաքապետ չենք ընտրի, հետևաբար՝ նաև ընտրության օրվա նիստին չենք ներկայանա, որովհետև թեկնածու չի լինի, քննարկելու և ընտրելու անհրաժեշտություն չի լինի»:

Նմանատիպ նյութեր