211652_close_icon
views-count1135 դիտում article-date 12:18 17-03-2023

ՀՀ վարչապետի տիկինը Սյունիքի մարզի Բնունիս գյուղում այցելել է 44-օրյա պատերազմի հերոսների տներ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Սյունիքի մարզ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Աննա ՀԱկոբյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, որի մեջ նշվում է, որ Սիսիան համայնքում Աննա Հակոբյանին դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, փոխմարզպետ Նարե Գևորգյանը, Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանը:

Բնունիս գյուղում վարչապետի տիկինն այցելել է 44-օրյա պատերազմում զոհված հերոսների տներ:

Աննա Հակոբյանին հյուրընկալել են հայրենիքի պաշտպանությանը կյանքը տված Էդգար Մարգարյանի տանը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Էդգարի ընտանիքը Երևանում է ապրել, 2022-ին Էդգարի մայրը` Արսինե Սահակյանը որոշել է գյուղ տեղափոխվել: Սկզբում Նժդեհ գյուղն էր ընտրել, բայց տուն գնել հաջողվեց Բնունիսում:

Տեղափոխվել է Բնունիս ու որոշել բիզնես սկսել` հյուրատուն հիմնել:

Արսինե Սահակյանը Աննա Հակոբյանին իր ծրագրերն է ներկայացրել: Որոշել է գյուղի կյանքը ակտիվացնել: Հյուրատունը դեռ կիսատ է կառուցած, բայց նախորդ տարվանից արդեն 300-ից ավելի հյուր է եկել Բնունիս, գիշերել են և´ Էդգարի, և´ գյուղի մյուս բնակիչների տանը: Արսինեն պատմել է, որ նման գործունեություն ծավալելը եղել է իր և որդու` Էդգարի երազանքը:

Արսինեն Բնունիսում հոր հետ է ապրում, հյուրատան կառուցումից զատ մշակում են նաև հարակից հողակտորը:

Տանը նաև փոքրիկ կարի արհեստանոց ունեն, էկոպայուսակներ են կարում, իսկ նկարազարդումները գյուղի երեխաներն են անում: Աշխատանքներում ներգրավել է նաև գյուղի կանանց: Որոշել է նաև կարպետագործության փոքրիկ անկյուն ստեղծել:

Արսինե Մարգարյանը Աննա Հակոբյանին պատմել է նաև գյուղում արվեստի դպրոց հիմնելու իր նախաձեռնության մասին: Արսինեն վստահ է, որ արվեստի դպրոցի հիմնումից հետո գյուղի երեխաները զբաղվածություն կունենան ու կմնան հայրենի գյուղում:

Աննա Հակոբյանը բարձր է գնահատել Արսինե Մարգարյանի աշխատանքը, առաջարկել հերթով նախաձեռնությունները կյանքի կոչել` նախ հյուրատունը ամբողջությամբ կառուցել, հետո կենտրոնանալ արդեն արվեստի դպրոցի վրա: Արսինե Մարգարյանն էլ վարչապետի տիկնոջը տեղեկացրել է, որ արվեստի դպրոցի նորոգման համար արդեն ֆինանսավորող է գտել, թղթաբանությունը երբ ավարտեն, բարերարը գումարը կփոխանցի:

Վարչապետի տիկինը շրջել է Էդգարի տանը, ծանոթացել պայմաններին: Հույս հայտնել, որ շուտով հյուրատունն ամբողջապես պատրաստ կլինի և հյուրեր կընդունի ամբողջ երկրից ու նաև արտասահմանից:

Հաջորդ կանգառը բնունիսցի Գևորգ Բաբաջանյանի տանն Էր: Գևորգի մայրը` Լիլիթ Սողոմոնյանը Աննա Հակոբյանին ուղեկցել է տուն, դրվագներ պատմել Գևորգի կյանքից ու զինվորական ծառայությունից:

Գևորգը ծառայությունից հետո պայմանագիր է կնքել Զինված ուժերի հետ, պատերազմին մասնակցել է որպես պայմանագրային զինծառայող: Ընտանիքի մյուս տղան, Հակոբը, 44-օրյա պատերազմի ընթացքում ժամկետային զինծառայող էր: Կռվից ողջ-առողջ է վերադարձել:

Գևորգի մայրը` Լիլիթ Սողոմոնյանը հերոսի մայր լինելուց բացի նաև հերոս մայր է` 6 երեխա է լույս աշխարհ բերել:

«Հայրենիքը կյանքից առավել գերադասած տղաների արարքն անգնահատելի է»,- որդեկորույս մայրերին` Լիլիթին ու Արսինեին ասել է վարչապետի տիկինը:

Բնունիսում Աննա Հակոբյանը ևս մեկ տուն է այցելել, որտեղ ապրել է 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Գասպարյանը: Գասպարյանների ընտանիքը Բնունիս է տեղափոխվել Քաշաթաղից:

Գոռը կամավոր է մեկնել առաջնագիծ, 44-օրյա պատերազմի ընթացքում կռվել է Ջրականում: Տան երկրորդ տղան է: Գոռի մայրը` Շողիկ Գասպարյանը, գյուղի մյուս հերոսն է` 7 երեխայի մայր է:

Գոռ Գասպարյանի տանը հավաքվեցին գյուղի 3 հերոս տղաների ծնողները, նման հավաքներ Բնունիսում հաճախ է լինում, այս անգամ հավաքը նախաձեռնվել էր տիկին Աննա Հակոբյանի այցի առթիվ:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել հերոսների ծնողներին, որ նման հայրենասեր տղաներ են դաստիարակել, հավելել` բոլորը հավերժ պարտական են նրանց:

Նմանատիպ նյութեր