211652_close_icon
views-count1423 դիտում article-date 20:23 15-03-2023

Հայաստանում վերջին 15 տարվա ընթացքում գրանցվել են տնտեսական տպավորիչ ցուցանիշներ. տնտեսական աճը կազմել է 12,6 տոկոս. Վահան Քերոբյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» տնտեսության վերաբերյալ զեկույցը:

2022 թվականի արդյունքներով Հայաստանում վերջին 15 տարվա ընթացքում գրանցվել են տնտեսական ամենաբարձր ցուցանիշները. տնտեսական աճը կազմել է 12,6 տոկոս, այդ թվում՝ առեւտուրն ու ծառայություններն աճել են 17,7 տոկոսով, շինարարության ոլորտն աճել է 18,8 տոկոսով, արդյունաբերությունն աճել է 6,4 տոկոսով, արտահանումն աճել է 54,4 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 33,8 տոկոսով: ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է 8.496.777,9 մլն ՀՀ դրամ, նախորդ տարվա միջին տարեկան գներով՝ 7.865.923,1 մլն ՀՀ դրամ:

Ըստ նախարարի՝ արտահանման աճի բարձր տեմպերով պայմանավորված՝ ծառայությունների արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը 2022 թվականին կազմել է 47.07 տոկոս: «Սա ռեկորդային բարձր ցուցանիշ է»,- ասել է Վահան Քերոբյանը: Նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 12.3 տոկոս:

2022 թվականին համախառն կուտակման ցուցանիշը, այսինքն` ներդրումների ծավալը, ըստ Ֆինանսների նախարարի` կազմել է 1 տրիլիոն 648 միլիարդ դրամ, ինչը 250 միլիարդով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Վահան Քերոբյանը փաստել է, որ այս պահին քննարկման փուլում է 50 ներդրումային ծրագիր:

Ըստ նախարարի՝ գործարար միջավայրում օրենսդրական բարեփոխումներ են իրականացվել:

Հաջողություններ են գրանցվել նաեւ զբոսաշրջության ոլորտում: 2023 թվականին արդեն 220.000 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան:

Տնտեսական հաջողությունների համար էական դեր են խաղացել եկամտային հարկի եւ ավելացված արժեքի հարկի վերադարձի լավարկված համակարգերը: 2022 թվականի ընթացքում ֆիզիկական անձանց հիպոտեկային վարկի տոկոսների գծով վերադարձվել է 36,5 մլրդ ՀՀ դրամ եկամտային հարկ, որը 2018 թվականի ցուցանիշը գերազանցում է 31,8 մլրդ ՀՀ դրամով կամ շուրջ 680 տոկոսով, իսկ 2021 թվականի ցուցանիշը` 13,8 մլրդ ՀՀ դրամով կամ շուրջ 61 տոկոսով:

2022 թվականին շարունակվել է գրանցված աշխատատեղերի թվի աճը: Մասնավորապես, հաշվետու տարվա դեկտեմբերին, ըստ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների, գրանցվել է աշխատատեղերի ՀՀ պատմության բացարձակ ռեկորդ` 704 հազար աշխատատեղ: Սա շուրջ 45 հազարով կամ 6,8 տոկոսով ավելի է 2021 թվականի դեկտեմբերի նույն ցուցանիշի համեմատ:

2022 թվականին երկրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը նվազել է եւ կազմել 13 տոկոս՝ 2021 թվականի երկրորդ եռամսյակի 15,2 տոկոսի, 2021 թվականի միջին տարեկան 15,5 տոկոսի եւ 2018 թվականի միջին տարեկան 19 տոկոսի համեմատ: 2022 թվականի 3-րդ եռամսյակում գործազրկության մակարդակը կազմել է 11,6 տոկոս, որը վերջին 14 տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է:

 

Նմանատիպ նյութեր