211652_close_icon
views-count1417 դիտում article-date 14:04 14-03-2023

ՌԴ Պետդումա օրինագիծ է ներկայացվել զորակոչի տարիքը 21-ից 30 տարեկանը սահմանելու մասին

Ռուսաստանի Պետդումա է ներկայացվել օրենքի նախագիծ, որով զորակոչի տարիքի ստորին շեմը բարձրացվում է մինչև 21, վերին սահմանը՝ 30 տարեկան։ Գրում են ռուսական ԶԼՄ-ները։

Ներկայումս Ռուսաստանում զինվորական ծառայության են զորակոչվում 18-ից 27 տարեկան տղամարդիկ։

Ստորին սահմանը նախատեսվում է բարձրացնել փուլ առ փուլ, իսկ վերինը՝ արդեն 2024 թվականի հունվարի 1-ից։ Ներկայացված օրինագծի համաձայն՝ 2024-ի հունվարի 1-ից երիտասարդներին կսկսեն զորակոչել 19 տարեկանից, 2025-ի հունվարի 1-ից՝ 20 տարեկանից, 2026-ի հունվարի 1-ից՝ 21 տարեկանից։

Նշված է, որ առաջարկվում է զորակոչի տարիքը 18-ից դարձնել 21 տարեկան երիտասարդներին ինչպես միջնակարգ հանրակրթական, այնպես էլ միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն տալու համար:

Ինչ վերաբերում է տարիքային վերին սահմանը 27-ից 30-ի բարձրացնելուն, ապա դա անհրաժեշտ է որպես փոխհատուցում, քանի որ ստորին շեմի բարձրացումը կնվազեցնի զորակոչի ենթակա քաղաքացիների թիվը, նշում են փաստաթղթի հեղինակները։

Անցյալ տարվա դեկտեմբերին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն առաջարկել էր փոխել զինվորական տարիքի սահմանները՝ Ուկրաինայի դեմ պատերազմի ֆոնին։ Այս մասին նա հայտարարել էր նախարարության կոլեգիայում՝ դիմելով նախագահ Վլադիմիր Պուտինին։ Պուտինը համաձայնել էր Շոյգուի հետ:

Նմանատիպ նյութեր