211652_close_icon
views-count29878 դիտում article-date 13:17 05-03-2023

Շիրակի մարզում Hyundai Elantra-ով վթարի է ենթարկվել ճանաչված հաղորդավար Դավիթ Սարգսյանը. ավտոմեքենայում է եղել նաև ճանաչված մարզական մեկնաբան Երվանդ Հակոբյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 5-ին, ճանապարհի «մարդաբոյ» փոսերի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Դավիթ Սարգսյանն իր վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Բենիամին գյուղի վարչական տարածքում, ընկել է առկա փոսերի մեջ, ինչի հետևանքով անվադողերից մեկը պայթել է և վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղաս Խաչատրյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են իրականացնում նույն դասակի պարեկներ Դավիթ Եսոյանն ու Սամվել Սարգսյանը:

Վթարի փաստով Պարեկային ծառայության Շիրակի գումարտակում նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Դ. Սարգսյանը ճանաչված հաղորդավար է: Նրա հետ ավտոմեքենայում է եղել նաև «Արմենիա» հեռուստաընկերության մարզական մեկնաբան Երվանդ Հակոբյանը, ու եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր՝ հնարավոր է բախվեր մեկ այլ ավտոմեքենայի կամ հայտնվեր ձորում, իսկ ճանապարհն սպասարկող ճանշինը, եթե ժամանակին կատարեր գոնե փոսալցման աշխատանքներ, ապա թե՛ այս վթարը, թե՛ սրանից առաջ մյուս վթարները տեղի չէին ունենա: 

Այդ մասին ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին վթարի հարևանությամբ ապրող քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր