211652_close_icon
views-count945 դիտում article-date 13:42 31-01-2023

Հայաստանը պատրաստ է հենց վաղը ունենալ լրիվ բաց սահման և դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ․ Ռուբինյան․ «Ազատություն»

Հայաստանը միշտ պատրաստ է եղել մեկ վայրկյանում ունենալ բաց սահման և հաստատված դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը՝ շեշտելով՝ Հայաստանն այս հարցում կառուցողական է։

Ռուբինյանի խոսքով՝ Թուրքիան մինչ այս պահը չի գնում այդ քայլին։

Ռուբեն Ռուբինյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

Արդեն գործո՞ւմ են ուղիղ բեռնափոխադրումները Երևանի և Անկարայի միջև։

Հնարավորությունը բաց է, և եթե համապատասխան տնտեսվարողները ուզենան օգտվել այդ հնարավորությունից, կարող են։ Վերջին հանդիպումը, որ տեղի է ունեցել, ոչ թե հատուկ ներկայացուցիչների միջև է եղել, այլ տեխնիկական հանդիպում է եղել սահմանին՝ Մարգարայում և ուսումնասիրվել է Մարգարայի կամրջի վիճակը, պիտանելիությունը, նմուշառում է վերցվել երկկողմ և հիմա այդ հետազոտության փուլում ենք, որից հետո պարզ կլինի, թե ինչպես ենք շարժվում առաջ։ Նաև շարունակում է սեղանին մնալ մեր առաջարկը՝ ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար բացելու և սպասում ենք թուրքական կողմի արձագանքին։

Երբ որ կամրջի վերաբերյալ արդեն պաշտոնական եզրակացություն լինի, ըստ դրա, կարելի կլինի նշել ժամկետները, բայց, բնականաբար, եթե ֆիքսվի, որ կամուրջը պիտանի է անհապաղ օգտագործման համար, այդ դեպքում ոչ մի տեխնիկական պատճառ չի մնա երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը անհապաղ չբացելու համար և եթե դա տեղի չունենա, կնշանակի, որ քաղաքական պատճառ կլինի, իսկ քաղաքական պատճառ առնվազն Հայաստանի Հանրապետության կողմից չի կարող լինել։

Պարոն Ռուբինյան, ի դեպ, տրամաբանությունը ո՞րն է երրորդ երկրների համար բացելու։

Բնականաբար, Հայաստանը միշտ պատրաստ է եղել մեկ վայրկյանում ունենալ բաց սահման և հաստատված դիվանագիտական հարաբերություններ, ընդ որում, միշտ ասելով՝ նկատի ունեմ 1991 թվականից սկսած, բայց քանի որ թուրքական կողմ, առնվազն մինչ այս պահը, չի գնացել այդ քայլին, քննարկվել են ինչ-որ քայլեր, որոնք կարող են որոշակի վստահության ամրապնդման միջոց լինել և այդ համատեքստում եղել է առաջարկ մեր կողմից և այդ առաջարկն ընդունվել է։ Ի դեպ ուղիղ ավիաբեռնափոխադրումների առաջարկն էլ եղել է թուրքական կողմից և մեր կողմից է ընդունվել։ Իմաստն այն է, որ հնարավորություն տրվի ամեն դեպքում սահմանը բացել թեկուզ մասնակի, որը թեկուզ կարող է տուրիստական շարժ ակտիվացնել և այլն։

Նախատեսվա՞ծ է առաջիկայում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Քըլըչի հետ հանդիպում։

Այս պահին՝ ոչ։

Ի՞նչն է գլխավոր խոչընդոտը, որ ձգձգվում է կարգավորումը, նրանք ասում են՝ «խաղաղության պայմանագիր ստորագրեք նո՞ր»։

Գլխավոր խոչընդոտը այն է, որ Թուրքիան մինչ այս պահը չի գնում այդ քայլին, Հայաստանը պատրաստ է՝ հենց վաղը ունենալ ամբողջապես բաց սահման և ունենալ դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ։

Ես նկատի ունեի պայմանը, որն անգամ Էրդողանի շուրթերից է հնչում, երբեմն-երբեմն։

Թուրքիայից հաճախ տարատեսակ և հակասական հայտարարություններ են հնչում, օրինակ ասում են նաև, որ Թուրքիան առանց նախապայմանների է գնում այս գործընթացին, բայց մյուս կողմից հնչում են հայտարարություններ, որոնք հակասում են այս հայտարարություններին, բայց ամեն դեպքում Հայաստանը կառուցողական է։

Նմանատիպ նյութեր