Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի խոհանոցային մասնաշենքը հիմնանորոգվել է «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում այսօր, դեկտեմբերի 23-ին, բացվել է «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ հիմնանորոգված խոհանոցային մասնաշենքը: Բացմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը և տնօրեն Քրիստինա Ազնավուրը, հայտնում է առողջապահության նախրարաությունը։
«Այն, ինչ կար խոհանոցային հատվածում մինչև հիմնանորոգումը, ծայրաստիճան մաշված և հնացած պայմաններն էին. բուժվողների համար հնարավոր չէր ապահովել պատշաճ որակի սնունդ: Բայց կառավարության հանձնառությամբ և «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ` այն ամբողջությամբ հիմնանորոգվել է` բուն խոհանոցի տարածքից և սննդամթերքի պահեստից մինչև առանձին մուտքով բուֆետի տարածք, հագեցվել ժամանակակից սարքավորումներով, նոր օդափոխության համակարգով»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:
Մշակվել է նաև պացիենտների սնուցման ուղեցույց, ճաշացանկեր` սնունդն ավելի բազմազան և բալանսավորված դարձնելու համար, հաշվի է առնվել միջազգային առաջադեմ փորձը:
«Շատ ուրախ եմ տեսնել մեր հրաշալի համագործակցության արդյունքը: Յուրաքանչյուր մարդ կյանքի որոշակի փուլում կարող է հոգեկան առողջության հետ կապված որոշակի խնդիրներ ունենալ: Որպեսզի երկարաժամկետ արդյունք ունենա այս աշխատանքը, մեր հիմնադրամը որոշել է միանալ առողջապահության նախարարությանը և օգնել արդիականացնել հոգեկան առողջության կենտրոնը»- նշել է Նիկոլա Ազնավուրը: