211652_close_icon
views-count98757 դիտում article-date 19:39 21-12-2022

Խոշոր ավտովթար՝ Ուշիի ոլորաններում. բախվել են Toyota Land Cruiser-ը,  Mercedes-ն ու «06»-ը, 4 վիրավորներին, այդ թվում՝ երեխայի, առաջինը բուժօգնություն են ցուցաբերել վթարի վայրով անցնող Վանաձորի հիվանդանոցի բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։35-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Ուշիի ոլորանների սկզբնամասում բախվել են Toyota Land Cruiser Prado, Mercedes և Vaz 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկն անչափահաս է, տեղափոխվել են՝ մեկը՝ «Ապարան», երկուսը՝ «Աշտարակ», մեկն էլ՝ «Վանաձոր» ԲԿ-ներ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։ 

Մեկին քաղաքացիներն են տեղափոխել հիվանդանոց, երկուսին՝ «Աշտարակ» ԲԿ-ի բժիշկները, իսկ մեկին՝ այդ պահին նշված վայրով անցնող «Վանաձոր» ԲԿ-ի բժիշկների հերթապահ խումբը։ Վանաձորի բժիշկները վիրավորներին առաջին բուժօգնություն են ցուցաբերել տեղում։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։ 

Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն դասակի տեսուչներ Լիտվին Գևորգյանն ու Գևորգ Եղիազարյանը։

Ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը` վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Սուքիասյանի գլխավորությամբ։

Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Toyota Land Cruiser-ին, ապա առաջ ընթանալով՝ բախվել 06-ին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր