211652_close_icon
views-count1097 դիտում article-date 19:10 19-12-2022

Տեղի է ունեցել ՇՄՆ «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի ամփոփիչ հանդիպումը

Տեղի է ունեցել Շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը:

Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, միջազգային համագործակցության, թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման վարչությունների, ԿԳՄՍ նախարարության, քաղաքաշինության կոմիտեի, էկոնոմիկայի նախարարության Ստնդարտացման և չափագիտության ազգային մարմնի, ՍՕՋԻ հայկական ասոցիացիայի և «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի ներկայացուցիչներ:
Դեկտեմբերի 15-ի հանդիպումը մեկնարկել է Օզոնային շերտի պահպանության հարցերի ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանի ելույթով, ով ներկայացրել է 2022 թվականի գործունեության ակնարկը` մասնավորապես խոսեց օրենսդրական նախաձեռնությունների, չափաքանակների, լիցենզիաների և մաքսային վերահսկողության, սառնամատակարարման և օդորակման ոլորտում ծավալված գործընթացների, իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումների, քաղաքաշինության կոմիտեի հետ գործակցության և թափոնների կառավարման մասին: Հաջորդիվ համապատասխան ոլորտների ներկայացուցիչները մանրամասնորեն անդրադարձել են յուրաքանչյուր միջոցառմանը, որի շուրջ ծավալվեց քննարկում:

Առաջին օրն ամփոփվեց թեմատիկ աշխատանքային խմբերում առաջարկությունների մշակմամբ:
Հանդիպման երկրորդ օրը` դեկտեմբերի 16-ին միջոցառմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, առցանց ձևաչափով՝ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) ծրագրի համակարգող Յուրի Սորոկինը և ՄԱԱԶԿ հայստանյան ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը։

Նախարարի տեղակալը և միջազգային գործընկերները շնորհակալություն են հայտնել «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրին, որի շնորհիվ Հայաստանն ապահովում է Վիեննայի կոնվենցիայով և Մոնրեալի արձանագրությամբ ստանձնած պարտավորությունների իրականացումը՝ մաժամանակ շնորհավորելով մասնակիցներին Մոնրեալի արձանագրության 35 ամյակի կապակցությամբ:

Գայանե Գաբրիելյանը կարևորել է երկրի ինստիտուցիոնալ կարողությունների հզորացումը և համակարգի ամրապնդումը, օզոնաքայքայիչ նյութերի և ֆտորացված գազերի փուլային փոխարինման շարունակականությունը, որի ընթացքում պետք է ապահովել պետական և մասնավոր ոլորտների գործողությունների սիներգիզմ:

Երկօրյա հանդիպումն ամփոփվել է թեմատիկ աշխատանքային խմբերի առաջարկությունների հնչեցմամբ և առաջնահերթությունների սահմանմամբ:

Նմանատիպ նյութեր