211652_close_icon
views-count45112 դիտում article-date 13:25 01-12-2022

Ավտովթար Երևանում․ բախվել են «Արարատ ինկասացիա» Mercedes Vito-ն ու թիվ 478 երթուղին սպասարկող ավտոբուսը․ Mercedes-ը տապալել է կանգառի ցուցանակը․ կան վիրավորներ․ օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարները և պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։45-ի սահմաններում Էրեբունի փողոցի թիվ 34 շենքի մոտ բախվել են Mercedes Vito մակնիշի ավտոմեքենան և թիվ 478 երթուղին սպասարկող ավտոբուսը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի միջին ծանրության ախտանիշով օպերատիվորեն ժամանած շտապօգնության բրիգադի բժիշկների կոմղից նախ տեղում առաջին բուժօգնությունն  է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոբուսի միջից ևս մոտ 8 հոգի անձնական օգտագործման ավտոմեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումատակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Գոռ Խանբեկյանն ու կրտսեր պարեկ Ավագ Ավետիսյանը։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով Ա․ Փարսադանյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ 

Բախման հետևանքով Mercedes Vito-ն, որը հաշվառված է «Արարատ ինկասացիա» հաշվեկշռում, դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել տրանսպորտային կանգառն ազդարարող երթակե ցուցանակին և տապալել այն։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորի, ինչպես նաև դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնած անձանց մասին տեղեկություններն ու նրանց ամբողջական տվյալները։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոբուսը սպասարկում է Երևանի երկաթգծի կայարանից դեպի Արարատի մարզի Դիտակ գյուղ երթուղին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր