211652_close_icon
views-count2636 դիտում article-date 22:28 30-11-2022

Ֆրանսիայի ԱԺ-ն միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձևը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է բանաձև Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու և Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու պահանջի մասին: Թիվ 37 բանաձևը ընդունվել է միաձայն՝ 256 ձայնով: Այդ մասին տեղեկացնում է Ֆրանսիայի Ազգային ժողովի կայքը:

Իր հերթին, Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ բանաձևը նաև կոչ է անում անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և վերադարձնել հայրենիք, առաջարկում կառավարությանը դիտարկել անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում:

Բանաձևում կոչ է արվում կառավարությանը նաև շարունակել միջնորդական ջանքերի գործադրումը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության խնդրի լուծման նպատակով՝ համաձայն ԱԺ 2020 թվականի թիվ 502 բանաձևի դրույթների, որով առաջարկվում է կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Բանաձևի մեկ այլ հատվածում նաև կառավարությանը կոչ է արվում դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման հնարավորությունը, իսկ միջազգային կազմակերպություններին հորդորում ձեռնարկել բոլոր միջոցները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ։

Բանաձևը ներկայացվել է Ազգային ժողովի մեծամասնության՝ իշխանական «Վերածնունդ» խմբակցության անունից։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր