ԱԺ-ն միաձայն ընդունեց կամավորական հիմունքներով առաջնագիծ մեկնող կամավորների համար աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ սահմանող փոփոխություններն Աշխատանքային օրենսգրքում
106 կողմ, 0 դեմ ու ձեռնպահ ձայներով այսօր Աժզգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց Աշխատանքային օրենսգրքում արված փոփոխությունները, որոնցով Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների կապակցությամբ կամավորական հիմունքներով մարտական գործողությունների գոտի մեկնող և զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց անձ համարվող աշխատողների համար աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ են սահմանվում:
Փոփոխությունները պայմանավորված են Ադրբեջանի կողմից 1994 թվականի զինադադարի խախտման և 2016 ապրիլի 1-ից հետո սանձազերծված ռազմական գործողություններով, ինչպես նաև հետագայում Ադրբեջանի հնարավոր նախահարձակ գործողություններով:
«Անհրաժեշտ է Աշխատանքային օրենսգրքում կամավորականների համար սահմանել աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ՝ աշխատատեղերի պահպանում և վարձատրության կազմակերպում կամավորական հիմունքներով մարտական գործողությունների մասնակցելու ժամանակահատվածում»,-հայտարարեց Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը:
Հիշեցնենք, որ ողջ ապրիլ ամսվա ընթացքում բազմաթիվ կայքեր ու լրատվամիջոցներ գրում էին, որ այս կամ այն գործատուն ազատել է աշխատանքից առաջնագիծ մեկնած այս կամ այն կամավորին:
Նախարարը վստահեցրեց, որ առաջարկվող լուծումը վերաբերում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր սեկտորում աշխատողներին: