211652_close_icon
views-count800 դիտում article-date 20:05 21-11-2022

Գեղարքունիքի մարզպետը Սոթքում ծանոթացել է հրետակոծությունից տուժած բնակարանների վերականգնման գործընթացին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Սոթքում դիտարկել է հրետակոծությունից տուժած բնակարանների վերականգնման գործընթացը։Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Սոթք բնակավայրի ղեկավար Սեւակ Խաչատրյանի ուղեկցությամբ  և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ համատեղ այցելել են Սոթք բնակավայրի  2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ավերված բնակարաններ։

«Անձամբ այցելեցի երկու տասնյակից ավել վերականգնված կամ վերականգնման փուլում գտնվող բնակարաններ, զրուցեցի բնակիչների հետ, տեղում ծանոթացա շինարարական աշխատանքների ընթացքում ի հայտ եկած հիմնախնդիրներին եւ տվեցի համապատասխան հանձնարարականներ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետը։

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչը ներկայացրել է այն վերականգնողական աշխատանքները, որոնք իրականացվել ու դեռեւս ընթանում են հիմնադրամի կողմից տրամադրված միջոցներով։

Այցից հետո նույն թեմայի շուրջ մարզպետը խորհրդակցություն է անցկացվել Վարդենիսի համայնքապետարանում` տալով անհրաժեշտ ցուցումներ և հանձնարարականներ։

Արդեն մեկ ամիս է, ինչ ընթանում է հրետակոծությունից տուժած բնակարանների վերականգնման գործընթացը, որի արդյունքները Կարեն Սարգսյանը գոհացուցիչ է գնահատում։

Ըստ մարզպետի, շատ բան արվել է թեեւ, գույքագրված բոլոր բնակարանների վերականգնման համար գումար տրամադրվել է, աշխատանքները դեռեւս ընթանում են, սակայն շինարարության ժամանակ նոր խնդիրներ են ի հայտ գալիս, որոնց պարագայում ամեն կերպ փորձում են օգնել տուժած ընտանիքներին։

Սոթքի ավերված բնակարանների վերանորոգման գործընթացում տեսանելի ու նշանակալի աշխատանք է իրականացրել «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, եւ  այցի հիմնական նպատակներից մեկն էլ այն է եղել, որ «Տաշիր»-ի հետ հստակեցնեն ու փոխլրացնեն համագործակցության շրջանակները, բնակարանների վերականգնման գործընթացը դարձնեն ավելի արդյունավետ ու նպատակասլաց, աշխատանքները ավարտի հասցնեն սեղմ ժամկետներում, որպեսզի ադրբեջանական ագրեսիայից տուժած ընտանիքները ձմեռը կարողանան դիմավորել վերականգնված, որոշակիորեն ավելի բարեկարգ դարձած բնակարաններում։

Այցի նպատակներից մեկն էլ այն է, որ պետության կողմից հատկացված յուրաքանչյուր միջոց ծախսվի արդյունավետ եւ հասցեական, ի հայտ եկած ամեն խնդիր քննվի տեղում եւ ստանա իր լուծումը։

Հարկ եղած դեպքում, ըստ մարզպետի, Գեղարքունիքի մարզպետարանի կողմից կներգրավեն նոր միջոցներ, որպեսզի սահմանամերձ բնակավայրերից տեղահանված բնակիչները օր առաջ վերադառնան իրենց տներ ու անցնեն բնականոն կյանքի։

Նմանատիպ նյութեր