211652_close_icon
views-count740 դիտում article-date 18:06 11-11-2022

Արմավիրի մարզի եզիդաբնակ Ֆերիկ համայնքում հիմնվել է նախադպրոցական առաջին հաստատությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր՝ նոյեմբերի 11–ին, այցելել է Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ համայնք, որտեղ առաջին անգամ նախադպրոցական տարիքի երեխաները հնարավորություն ունեն հաճախելու նախակրթարան:

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից, նախարարի տեղակալին ուղեկցել են ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը եւ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը:

Նախադպրոցական այլընտրանքային ծառայություններ ձեւավորելու համար 2021 թվականից մեկնարկած պետական ծրագրով բյուջեից տրամադրվում է դրամաշնորհ: Նպատակը նախադպրոցական ծառայությունները հնարավորինս հասանելի դարձնելն է՝ նպաստելով երեխաների՝ վաղ տարիքում զարգացմանը եւ կարողությունների ընդլայնմանը: Դրամաշնորհային մրցույթի կարեւոր նախապայմաններից մեկը ստեղծված ենթակառուցվածքների պահպանումն ու նախադպրոցական ծառայությունների շարունակականության ապահովումն է, որը պետք է իրականացնեն համայնքները:

Ֆերիկ համայնքը դրամաշնորհի համար դիմած 10 բնակավայրերից մեկն է, այստեղ արդեն հիմնված նախակրթարանում ձեւավորվել է խումբ, որտեղ հաճախում են համայնքի՝ 4-5 տարեկան բոլոր երեխաները: Ուսումնական պլանն ամբողջովին իրականացվում է՝ համաձայն նախադպրոցական կրթության պետական ծրագրի:

Ժաննա Անդրեասյանն իր խոսքում կարեւորել է ազգային փոքրամասնություններով բնակեցված բնակավայրերում նախադպրոցական ծառայությունների ընդլայնումը. «Կառավարության ծրագրով բոլոր բնակավայրերի երեխաների համար նախադպրոցական ծառայությունները հասանելի դարձնելու խնդիր ենք դրել:  Ֆերիկում նախադպրոցական հաստատություն երբեք չի եղել:  Ուրախ եմ, որ արդեն տեղում հնարավոր է կազմակերպել այս կրթությունը, որը շատ կարեւոր է երեխաների հետագա զարգացման համար: Հուսով եմ՝ երեխաների թիվն էլ տարեցտարի կավելանա»:

Նա նաեւ նշել է, որ ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախատեսվում է ընդլայնել նախադպրոցական ծառայությունների ծավալը, մասնավորապես երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում հասցնելով առնվազն 70 տոկոսի:

Նախակրթարանի հիմնումը կարեւորել է նաեւ հիմնական դպրոցի տնօրեն Նարինե Ֆարֆարյանը. «Առաջին անգամ դպրոց հաճախող երեխաները հիմնականում չէին կարողանում հայերեն խոսել եւ հաղորդակցվել, իսկ դա խանգարում էր տարբեր առարկաների ուսուցմանը: Նախակրթարանի հիմնմամբ այդ խնդիրն այսօր լուծվում է, քանի որ այնտեղ դասընթացներն իրականացվում են հայերենով»:

Ֆարֆարյանի խոսքով՝ այս պահին հիմնական դպրոցում եւ նախակրթարանում իրականացվում են ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքները, ավարտվել է ջրամատակարարման ապահովումը, շուտով արդեն կվերանորոգվի եւ կկահավորվի ճաշարանը, որտեղ հունվարից կիրականացվի տարրական դասարաններում տաք սննդի ապահովման պետական ծրագիրը:

 «Կատարված աշխատանքներից հետո դպրոցի առաջնային խնդիրը մարզադահլիճի եւ հանդիսությունների դահլիճի բացակայությունն է: Ամեն դեպքում, ունենք վստահություն, որ բոլոր խնդիրներն էլ ժամանակի ընթացքում լուծվելու են»,- նշում է դպրոցի տնօրենը:

Ժաննա Անդրեասյանը շրջայց է կատարել Ֆերիկի հիմնական դպրոցում, հետեւել տարբեր դասարաններում իրականացվող ուսումնական պրոցեսին, զրուցել մանկավարժների եւ աշակերտների հետ: Նախարարի տեղակալը կարեւորել է ազգային փոքրամասնություններով բնակեցված բնակավայրերի նկատմամբ պետական հոգածությունը՝ շեշտելով մայրենի լեզվի ուսուցանման արդյունավետության բարելավումը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ պետությունը շարունակաբար խրախուսում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների լեզվի իմացությունը՝ պետական հանրակրթական դպրոցներում ապահովելով համապատասխան կրթություն. «Եզդիերենը, ասորերենը, քրդերենն այսօր դասավանդվում են այն համայնքային դպրոցներում, որտեղ համապատասխան բնակչություն կա: Ունենք հաստատված առարկայական ծրագրեր, հանրակրթության պետական չափորոշչում հստակ ամրագրված է՝ ազգային փոքրմասություների մայրենի լեզուն ուսումնական պլանի մաս է կազմում: Մենք նաեւ պետական բյուջեի միջոցներով ամեն տարի տպագրում ենք անհրաժեշտ դասագրքերն ու դրանք անվճար տրամադրում դպրոցներին: Այս տարվանից ազգային փոքրամասնությունների լեզուն եւ գրականությունը դասավանդող ուսուցիչների հնարավորություն ունեն մասնակցելու կամավոր ատեստավորմանը եւ օգտվել սահմանված հավելավճարներից»:

Ժաննա Անդրեասյանին տեղեկացրել են, որ Ֆերիկի հիմնական դպրոցի եզդիերենի ուսուցիչ Ռուստամ Հասոյանը մասնակցել է կամավոր ատեստավորմանն ու հաղթահարել 70 տոկոսի շեմը, ինչի շնորհիվ աշխատավարձի բարձրացում կունենա:

«Շատ ուրախ եմ, որ այս դպրոցի ուսուցիչը մասնակցել ու հաջող արդյունք է գրանցել, այժմ արդեն կունենա բարձրացված դրույքաչափ եւ հավելավճար: Սա շարունակական քաղաքականություն է եւ պարբերաբար այսպիսի այցեր ունենալու եմ նաեւ մյուս դպրոցներ»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:

Նա Ֆերիկի միջնակարգ դպրոցի մյուս ուսուցիչներին եւս հորդորել է մասնակցել  կամավոր ատեստավորմանը:

Նմանատիպ նյութեր