211652_close_icon
views-count1826 դիտում article-date 23:10 25-10-2022

Մեր ընթացքը հանուն Հայաստանի Հանրապետության անկասելի է, և մեր քայլքի ճանապարհին պետք է, ի հեճուկս ամեն ինչի, լինենք ավելի վճռական. Վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Էջմիածին քաղաքում ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը:

Մրցաշարն անցկացվել է Արմավիրի մարզի Փարաքար-Էջմիածին մայրուղին ընդգրկող ճանապարհահատվածում՝ 3 տարիքային խմբով, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկների խմբով. 1-ին տարիքային խումբ՝ 15-17 տարեկան դպրոցականներ, 2-րդ՝ 18-35 տարեկան կանայք և 18-40 տարեկան տղամարդիկ, 3-րդ՝ 36-ից բարձր տարիքի կանայք և 41-ից բարձր տարիքի տղամարդիկ, առանձին գործող աթլետների խումբ՝ աթլետիկայով զբաղվող ՀՀ քաղաքացիներ առանց տարիքային սահմանափակման: Դպրոցականները մրցել են 2 կմ, մնացած տարիքային խմբերը՝ 10 կմ խճուղավազք մրցաձևում: Ընդհանուր մասնակիցների թիվը կազմել է 1400:

Նշված խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները պարգևատրվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով: 1-ին տարիքային խմբում 1-3-րդ տեղերը գրաված դպրոցականները պարգևատրվել են նաև համակարգիչներով, իսկ 2-րդ, 3-րդ և առանձին գործող աթլետների խմբերում 1-20-րդ տեղերը գրաված մասնակիցները՝ դրամական մրցանակներով: Պարգևների է արժանացել նաև օտարերկրյա 2 մասնակից՝ Ռուսաստանի Դաշնությունից:

Մրցանակները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը:

Վարչապետը պարգևներ է հանձնել տղամարդկանց 18-40 տարիքային խմբի 1-3-րդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցներին, ինչպես նաև հուշանվերներ և դիպլոմներ՝ ողջ տարածությունը հաղթահարած ամենատարեց 2 մասնակիցներ Մանյա Մարգարյանին և Հակոբ Թութունջյանին:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի ներկաներ,

Մեր այս մրցաշարն արդեն երկրորդ տարին է տեղի ունենում, և այստեղ գալուց առաջ մտածում էի, թե ինչ պետք է ասեմ, որովհետև ժամանակները սովորական չեն, և շատ կարևոր է, որ այս ոչ սովորական ժամանակներում մենք կարողանում ենք նաև այսպիսի ոչ սովորական մրցաշարեր իրականացնել: Բայց նաև կարևոր է, որ մեր ասելիքը ճշգրիտ, համարժեք լինի, և երբ ասելիքի մասին էի մտածում, հիշեցի Հրանտ Մաթևոսյանի «Մեր վազքը» պատմվածքը: Նորից կարդացի - իմիջիայլոց, շատ լավ է, որ համացանցում հասանելի է - և արձանագրեցի, որ չնայած այդ պատմվածքը գրվել է ուրիշ ժամանակներում և ուրիշ միջավայրում, բայց արդիականությունը չի կորցրել:

Հրանտ Մաթևոսյանի գրած «Մեր վազքը» պատմվածքի խորքը, բովանդակությունն արտահայտում է նաև մեր այսօրվա վազքը: Կարծում եմ՝ դա մի ստեղծագործություն է, որտեղ ձևակերպված են մեր ցավերը, մեր ողբերգությունները, մեր նպատակները, նաև ձևակերպված է մեր նպատակին հասնելու մեր վճռականությունը: Մեր նպատակը ազատ, հզոր և երջանիկ Հայաստանն է, ինքնիշխան, անկախ, անվտանգ Հայաստանն է, և այս մեր քայլքի, մեր վազքի ճանապարհին մենք պետք է, ի հեճուկս ամեն ինչի, լինենք ավելի ու ավելի վճռական: Ժամանակ առ ժամանակ մենք կքայլենք, ժամանակ առ ժամանակ մենք կվազենք, ժամանակ առ ժամանակ մենք կանգ կառնենք՝ մտածելու և մտորելու համար, բայց մեր ընթացքը որևէ բանով չպիտի կասեցվի ու չի կասեցվելու:

Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին, ովքեր հետևողականորեն ավելի ու ավելի ուժեղացնում են իրենց մասնակցությամբ այս գաղափարը, այս մրցաշարը: Նաև շատ կարևոր եմ համարում, որ, այո, մենք ամեն տարվա հետ կազմակերպչական նրբությունները հստակեցնենք, մեխանիզմները շտկենք, որպեսզի «Վարչապետի գավաթ» անունով մրցաշարն իսկապես ավելի ու ավելի մասսայական դարձնի ֆիզկուլտուրան և սպորտը Հայաստանի Հանրապետությունում:

Քանի որ «Մեր վազքը» պատմվածքը վերաբերում է դպրոցականների վազքին, ուզում եմ արձանագրել նաև, որ մեր դպրոցական խմբի մրցանակներն էականորեն պակաս էին, բայց մենք մեր մրցանակակիրների՝ և՛ աղջիկների, և՛ տղաների 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերի մրցանակային պարգևատրումը կհավասարեցնենք մյուս խմբերին:

Իհարկե, մենք տեսնում ենք և հաճելի է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, այսինքն՝ օտարերկրյա քաղաքացիները նույնպես մասնակցում են: Ես կարծում եմ, որ պետք է նաև այդպիսի մրցաշարային խումբ ստեղծենք՝ համապատասխան մրցանակային հիմնադրամներով:

Հարգելիներս, սիրելիներս,

Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպիչներին, բոլոր հովանավորներին, բոլոր նրանց, ովքեր աջակցում են մեր մրցաշարի կազմակերպմանը՝ մեր Ոստիկանությանը, մյուս ծառայություններին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Էջմիածնի քաղաքապետին, քաղաքապետարանին, էջմիածնեցիներին, որ չեն նեղվում, որ ճանապարհները մի քանի ժամով փակվում են: Կարծում եմ՝ այսպիսի իրադարձությունները նոր մթնոլորտ և ուշադրություն են բերում քաղաքին, և մեզ էլ հաճելի է այցելել Էջմիածին՝ առնվազն այս առիթներով:

Կրկին շնորհակալություն եմ հայտնում և շնորհավորում եմ բոլորիս: Եվ արձանագրում եմ, որ մեր ընթացքը հանուն Հայաստանի Հանրապետության անկասելի է: Շնորհակալ եմ»:

Ընդհանուր առմամբ, «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» շարքի շրջանակում 2022 թվականին անցկացվել է 5 մրցաշար: Խճուղավազքի սիրողական մրցաշարը «Վարչապետի գավաթ» շարքի՝ այս տարվա վերջին մրցաշարն է:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր