211652_close_icon
views-count1407 դիտում article-date 21:22 19-10-2022

Հայաստանում մեկնարկել է Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի փորձագետների խորհրդատվական խմբի տարածաշրջանային հանդիպումը

Եգիպտոսում նոյեմբերի 7-18 -ը կայանալիք COP27 կլիմայական համաժողովին ընդառաջ Հայաստանի Հանրապետությունն, ի դեմս Շրջակա միջավայրի նախարարության, հոկտեմբերի 19-ից 21-ը հյուրընկալում է Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Արևելյան Եվրոպայի Փորձագետների խորհրդատվական խմբի շուրջ 40 երկրի ներկայացուցիչների (CGE regional workshop - Asia-Pacific and EE region)։

Ինչպես տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի  նախարարությունից, աշխատաժողովի մեկնարկային հանդիպումը կայացել է հոկտեմբերի 19-ին։ Աշխատաժողովի նպատակն է զարգացող երկրների մասնագետների կարողությունների ամրապնդումը, որը կօգնի հետևել Փարիզյան համաձայնագրով նախատեսված հաշվետվողականության դրույթների ըմբռնման և կիրառման համար ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրականացման առաջընթացին։

«Հայաստան ժամանած պատվիրակներին ողջունել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և Կառավարության անունից շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում այս կարևոր միջոցառմանը մասնակցելու համար։

Նախարարն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի կլիմայական օրակարգին և խոսել այդ օրակարգի սպասարկմանն ուղղված մեր երկրի ջանքերից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Մեր երկրի աշխարհագրական դիրքը, դեպի ծով ելքի բացակայությունը, լեռնային լանդշաֆտը, խոցելի էկոհամակարգերը, ինչպես նաև ազգային անվտանգության նկատառումները, հանգեցրել են երկրի համար կլիմայի փոփոխության հնարավոր ազդեցության հանդեպ ուշադրության մեծացման։ Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարությունը հետաքրքրված է կլիմայի փոփոխության դեմ պայքարի շուրջ խմբված երկրների փորձն ու ռեսուրսը մեր երկրում որևէ ձևով իրացնելու հնարավորությամբ, կլիմայի փոփոխության դեմ դիմադրողականության և հարմարվողականության բարձրացման, ինչպես նաև՝ կլիմայական օրակարգի իրագործմանն ուղղված համալիր միջոցառումներով ու ծրագրերով»,-նշել է նախարարը։

Նախարար Հակոբ Սիմիդյանն անդրադարձել է նաև «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիային և Փարիզյան համաձայագրին Հայաստանի Հանրապետության անդամակցությանը և երկրի ստանձնած պարտավորություններին։ 

«Հայաստանի Հանրապետությունը 1998 թվականից սկսած կանոնավոր հաշվետվություններ է ներկայացրել Կոնվենցիայի քարտուղարությանը։ Հաշվետվությունները վերաբերել են ջերմոցային գազերի արտանետումների գույքագրմանը, երկրում իրականացված մաղմման և հարմարվողականության միջոցառումներին, խոցելի ոլորտների հատկորոշմանը, կանխատեսումներին, քաղաքականության մշակմանը։

2021 թվականին Հայաստանի կառավարությունը վերահաստատել է իր Ազգային մակարդակով սահմանված գործողությունները և Ազգային հարմարվողականության ծրագիրը և միջոցառումների ծրագիրը 2021-2025 թթ․ համար։

Փարիզյան համաձայնագրից բխող ընդլայնված թափանցիկության շրջանակի կառուցումը Հայաստանի Հանրապետության կառավարության համար առաջնահերթություն է, այն ներառված է Կառավարության 21-26 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում»,- ընդգծել է նախարարը։

Ըստ աղբյուրի՝ ելույթով հանդես է եկել Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, որն անդրադարձել է կլիմայի փոփոխության ազդեցության և այդ ազդեցության մեղմմանն ուղղված գործընկերային ջանքերի ներդրման կարևորությանը։

«Կլիմայի փոփոխությունն արդեն իսկ իրականություն է, որի անմիջական ազդեցությունն արդեն տեսանելի է։ Դա փաստում է նաև վիճակագրությունը․ Հայաստանում բարձրացել է տարեկան միջին ջերմաստիճանը, նվազել է տարեկան տեղումների քանակը։ Մենք նաև տեսնում ենք տարերային աղետների միջադեպերի ավելացում․ այս ռիսկը ուժգնանում է, և ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, համագործակցելով այլ կառույցների հետ, կանգնած է ՀՀ Կառավարության կողքին և պատրաստ է ներդնել իր ջանքերը»,- նշել է Նաթիա Նացվլիշվիլին։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկացմամբ՝ ելույթներով հանդես են եկել նաև Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարության ներքո փորձագետների խորհրդատվական խմբի անդամ Միխայիլ Վարտանյանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարության Թափանցիկության բաժնի թիմի ղեկավար Տուգբա Իցմելին։

Նշվում է, որ աշխատաժողովը կշարունակվի ևս երկու օր։

Նմանատիպ նյութեր