211652_close_icon
views-count2296 դիտում article-date 14:02 17-10-2022

Ավարտվել են ««Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում իրականացվող պեղումները

Հայաստանի նշանավոր ամրոցներից մեկի՝ ««Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում 2022 թվականի մայիսից մեկնարկած պեղումները և հնագիտական հետազոտություններն ավարտվել են:

ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով և առանձին դրամաշնորհով՝ բերդաքաղաքի վերականգնման և բարեկարգման ծրագրի շրջանակում պեղումներն իրականացրել է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախումբը (ղեկավար` Արման Նալբանդյան, հնագետ` Մհեր Խեչոյան, լաբորանտ` Սարգիս Բիսլամյան):

Լայնածավալ աշխատանքների ընթացքում պեղումներ են կատարվել ամրոցի պարսպին ներսից հարող` մոտ 60 մ երկարությամբ տարածքում, պարսպապատի «գագաթին», քաղաքատեղիի առաջին, երկրորդ բաղնիքների ներսում, և դրանց մերձակայքում հետազոտվել են եկեղեցին, մատուռ-դամբարանը: Հետախուզական աշխատանքներ են կատարվել ամրոցի ներսում և պարիսպներից դուրս: Պեղումների արդյունքում բացված պատաշարերը, կառույցների հիմքերն ու հատակները, հայտնաբերված մանրամասները զգալիորեն կնպաստեն նշյալ կառույցների վերականգնման նախագծերի առավել ամբողջական և լիարժեք կատարմանը: Նկատենք, որ վերականգնման նախագծերը ևս իրականացնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ճարտարապետական խումբը՝ Հովհաննես Սանամյանի գլխավորությամբ։ Պեղումներով բացվել են ոչ միայն պարսպապատը, այլև դրան կից մի շարք օժանդակ կառույցների հիմքեր, տնտեսական հորեր, օջախներ և այլն:

Պարսպի գագաթի հողաթմբի նմանվող շերտի հեռացումից հետո ի հայտ են եկել նոր պատաշարեր, ուղղանկյուն և կլոր հատակագծով կառույցներ, որոնք եղել են պաշտպանական հենակետեր և զինանոցներ: Ամրոցի ներսում գտնվող երկու բաղնիքներում էլ պեղումներով բացվել են հիպոկաուստ հատակի սյուները, ջրամատակարարման և ջրահեռացման խողովակաշարերը, սալահատակներ, ջրավազաններ և գոլորշու հեռացման օդամուղները: Դրանց ներսում նույնպես բացվել են պատերի հիմքեր։ Երկրորդ բաղնիքից հարավ վերապեղվել են երկու բացօթյա լողավազանները:

Եկեղեցուց կամ առավել հայտնի՝ քաղաքացիական կառույցից հեռացվել են 19-20-րդ դդ. առանց շաղախի շարված պատերը, որոնցով փակված էին եռակամար գավիթ-նախասրահի կամարները, կառույցի մուտքերը և լուսամուտը: Պարզվել է, որ կառույցի` նախկինում մուտք համարվող ոչ բոլոր բացվածքներն են մուտքեր եղել: Այս պատերի միջից դուրս են եկել 12-13-րդ դդ. խաչքարերի ու տապանաքարերի բեկորներ:

Հնագիտական գտածոների թվաքանակը գերազանցել է արշավախմբի սպասումները՝ հաշվի առնելով այն փաստը, որ ամրոցի տարբեր հատվածներ նախկինում ևս պեղվել են։ Այստեղ կարելի է արձանագրել 18-20-րդ դդ. թույլ արտահայտված և 11-13-րդ դդ. բավական հարուստ շերտեր: Պեղումները հատկապես արդյունավետ էին ստորին շերտերում։ Գտածոների մեջ աչքի են ընկնում ջնարակված և քանդակազարդ ընտիր շքաղյուսները, թռչնային, բուսական, երկրաչափական պատկերներով թասիկները, որոնք իրենց զուգահեռներն ունեն Անիում և Դվինում: Հետաքրքիր գտածոներից կարելի է թվարկել ծխամորճերը, ուլունքներն ու ապարանջանի բեկորները, մետաղադրամները, բաղնիքի կավե ցնցուղ-ծորակները, զանգը, կաղապարները, ոսկրից գործիքները, ապակե սրվակների բեկորները, խաղաքարերը, նետասլաքները, լուսավորության միջոցները, թնդանոթի արկերը և այլն: Առանձնահատուկ պետք է նշել առաջին բաղնիքի ներսից գտնված կենդանու կավե արձանիկը, որը հավանաբար եղել է խաղաքար և աշխատանքների վերջին օրը հայտնաբերված մետաղական սրբապատկերը:

Նմանատիպ նյութեր