211652_close_icon
views-count32691 դիտում article-date 14:27 16-10-2022

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են BMW X5-ն ու «07»-ը, վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, բնակիչները դիմում են ՀՀ ՃՈ պետին ու Երևանի քաղաքապետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Այվազովսկի փողոցում՝ «Սիփան» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են 46-ամյա Վաչագան Ղազարյանի վարած BMW X5 մակնիշի և 32-ամյա Տարոն Օհանյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի վարորդին, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները, դուրս են բերել արգելափակված ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության  ավտոմեքենային։

Բժիշկները վիրավորին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Էդգար Դարբինյանն ու Արման Սարինյանը։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի, քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Գ. Սարգսյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ դեռ խորհրդային տարիներին նշված փողոցում եղել է «սվետաֆոր», սակայն չգիտես՝ ում կարճ խելքով որոշվեց, որ այն պետք է հանվի, ու հանելուց հետո գրեթե ամեն օր ավտովթարներ են տեղի ունենում, այդ թվում՝ ողբերգական ու վիրավորներով. «Քանիցս դիմել ենք պատկան մարմիններին, ովքեր խոստացել են, որ սվետաֆոր նորից կտեղադրեն, սակայն այդ ամենը դուրս են եկել սին խոսքեր, իսկ եթե սվետաֆոր լիներ, վթարների թիվը կպակասեր։ Գոնե այս վթարից հետո պատկան մարմիները, այդ թվում՝  ճանապարհային ոստիկանությունն ու Երևանի քաղաքապետարանը, հետևություններ անեն ու այս թաղի բնակիչներիս փրկեն հաճախակի ավտովթարներ տեսնելու «հաճույքից»»։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր