211652_close_icon

Միջազգային կոնսենսուս՝ Հարավային Կովկասն ապակայունացնելու փորձերի դեմ․ «Հայաստանի Հանրապետություն»

views-count1881 դիտում article-date 10:49 01-10-2022
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Այն դեպքում, երբ միջազգային հանրության՝ Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները զսպելու ուղղությամբ գործադրված միջոցներն արդյունք չեն տալիս, Հայաստանը պարտադրված է հզորացնել իր անվտանգության համակարգի բոլոր բաղադրիչները: Մասնավորապես՝ դրա շրջանակներում է Հնդկաստանից 240 մլն դոլարի զենքի գնման գործընթացը, որն ունի բացառապես ադրբեջանական ագրեսիային հակազդելու նպատակ: Ադրբեջանական մամուլը հերթական հիստերիան է  տարածում, թե այդ զենքն իրենց սահմանամերձ գյուղերը ռմբակոծելու համար են, այն դեպքում, երբ մինչ օրս Ադրբեջանն է ագրեսիայի հեղինակը, եւ Արցախի հարակից տարածքներն օկուպացնելուց հետո արդեն երկու տարի այդ գյուղերում քաղաքացիական բնակչությունը դեռ չի բնակվում:

Ռազմական անվտանգային բաղադրիչից բացի, ՀՀ-ն շարունակում է դիվանագիտական գործիքն օգտագործել Ադրբեջանին զսպելու եւ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցից հետո այդ երկրի պաշտպանության նախարարը հայտարարեց Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու մասին:

Այս ամենը խոսում է այն մասին, որ եւ՛ Հյուսիսում, եւ՛ Արեւմուտքում գիտակցում են, որ Թուրքիայի հրահրմամբ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը հղի է տարածաշրջանը լայն առումով ապակայունացնելու հեռանկարով՝ ՀՀ-ի՝ իր սուվերենությունը եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու վճռականության եւ աշխարհաքաղաքական քարտեզը փոխելու փորձերի դեպքում՝ Իրանի՝ ռազմական գործողությունների դիմելու բարձր հավանականության իրողությունների ներքո: Ուկրաինական ճգնաժամի պայմաններում, բացի Ադրբեջանից եւ Թուրքիայից, ոչ մեկին ձեռնտու չէ տարածաշրջանի ապակայունացումը, քանի որ վերջիններս փորձում են օգտվել աշխարհում ստեղծված անկայուն վիճակից:

Այս պայմաններում իր անվտանգային համակարգի բոլոր բաղադրիչների գործադրման Հայաստանի քայլերին դրական արդյունքներ ապահովելու համար կան միջազգային կոնսենսուսի բարենպաստ պայմաններ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր