211652_close_icon
views-count548 դիտում article-date 13:49 29-09-2022

Առաջիկայում կհայտարարվի Ագարակ–Քաջարան հատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցույթը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ 

Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ Խորհուրդը քննարկել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4՝ Ագարակ–Քաջարան մոտ 32 կմ ճանապարհահատվածի վերակառուցման ծրագրի իրականացման ընթացքը և հաստատել շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերը, որոնց հիման վրա առաջիկայում կհայտարարվի Ագարակ–Քաջարան ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթը։ 

Կառավարման խորհրդի կողմից հաստատվել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի շրջանակում իրականացվող Մ-1, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի շուրջ 8կմ հատվածի  շինաշխատանքների ձեռքբերման մրցույթի արդյունքները՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին հանձնարարելով պայմանագիր կնքել մրցույթը հաղթած կապալառու կազմակերպության հետ։ 

Փոխվարչապետ Մաթևոսյանը նշել է, որ Հայաստանի ճանապարհային ցանցի արդիականացման և զարգացման հարցում Հյուսիս-հարավ ենթակառուցվածքային ծրագրի իրագործումն էլ ավելի մեծ կարևորություն և ռազմավարական նշանակություն է ստացել հատկապես առկա մարտահրավերների լույսի ներքո: Ուստի, հանձնարարել է բոլոր ջանքերը ներդնել ծրագրի սահուն և արդյունավետ իրականացումն ապահովելու համար։ Փոխվարչապետն ընդգծել է, որ ծրագրի կառավարման խորհուրդը շարունակում է իր ուշադրության և համակարգման ներքո պահել ծրագրին վերաբերող կարևոր հարցերն ու առաջարկել է շահագրգիռ բոլոր գերատեսչություններին ցուցաբերել բավարար աջակցություն և ճկունություն՝ ծրագրին վերաբերող խնդիրների լուծման հարցում: 

Կառավարման խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են նաև օրակարգային այլ հարցեր, որոնց վերաբերյալ Փոխվարչապետի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ։ 

Նմանատիպ նյութեր