211652_close_icon
views-count1924 դիտում article-date 16:27 22-02-2022

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ հատվածի վերակառուցման նախագիծը ստացել է դրական եզրակացություն

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Ծրագիր-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննական հանձնաժողովի նիստը։

ՏԿԵ նախարարությունից այտնում են, որ քննարկվել է Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ընդհանուր երկարությամբ հատվածի վերակառուցման նախագիծը։ Վերակառուցման աշխատանքները ֆինանսավորվում են Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի վարկային, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Նախագծող կազմակերպության ներկայացուցիչները հանձնաժողովի անդամներին տեսանյութերի միջոցով ներկայացրել են ճանապարհի ծրագիծը և տեխնիկական պարամետրերը։ Ըստ այդմ՝ վերակառուցվող 32կմ երկարությամբ ճանապարհահատվածը լինելու է 2-րդ տեխնիկական կարգի՝ 80կմ/ժ հաշվարկային արագությամբ։ Ճանապարհահատվածը ներառելու է 18 կամուրջ և 3 թունել, որոնցից ամենաերկարը լինելու է 7.5կմ։ Ծրագիծը որոշ հատվածներում անցնելու է գոյություն ունեցող ճանապարհով, որոշ հատվածներում կառուցվելու է նոր ճանապարհ։ Ծանրաքաշ մեքենաները կունենան իրենց առանձին երթևեկելի գոտին, ինչն առավել դյուրին կդարձնի բեռնափոխադրումները։

Հանձնաժողովի անդամները ներկայացրել են նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումները։ Նախագծող կազմակերպության ներկայացուցիչները, պատասխանելով հարցերին, նշել են, որ վերակառուցվելիք ճանապարհահատվածում չկան սողանքային գոտիներ, իսկ որոշ հատվածներում առկա քարաթափման վտանգը չեզոքացնելու համար կկատարվեն պաշտպանիչ միջոցառումներ։ Առանձնահատուկ շեշտադրվել են նաև ամբողջ ճանապարհահատվածի և ինժեներական բոլոր կառույցների սեյսմակայուն շինարարական նորմերի պահանջներին համապատասխանության խնդիրները։

Վերջում քվեարկության միջոցով պետական համալիր փորձաքննական հանձնաժողովը Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցման նախագծին տվեց միաձայն դրական եզրակացություն, որի արդյունքում կարող է կազմակերպվել նշված ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցութային գործընթացը։

Հանձնաժողովի նիստին հրավիրվել էին նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, որոնք իրենց պարզաբանումներով մեծապես աջակցեցին հանձնաժողովի աշխատանքներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր