211652_close_icon
views-count1065 դիտում article-date 17:16 15-09-2022

Հիմա մենք կրկին պատերազմական վիճակում ենք, իսկ մեզ խոստացված խաղաղությունը և կյանքեր փրկելու քաղաքականությունը՝ ձախողված. «Քաղաքացու որոշում» կուսակցության հայտարարությունը

Արդեն բանաձևի վերածված ձեռագրով Ադրբեջանը կրկին ագրեսիա է իրականացնում ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ, երբ բանակցային գործընթացը հանգում է մի կետի, որտեղ պիտի դիրքորոշում հայտնել խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանի ռազմավարական նպատակը որևէ կերպ խաղաղության պայմանագրի ստորագրում թույլ չտալն է և նա այդ ռազմավարության շրջանակներում ձեռնարկել և ձեռնարկելու է ռազմական էսկալացիաներ և առաջ է քաշելու նորանոր պահանջներ։ 

Հիմա մենք կրկին պատերազմական վիճակում ենք, իսկ մեզ խոստացված խաղաղությունը և կյանքեր փրկելու քաղաքականությունը՝ ձախողված։ Մի պայմաններում, երբ բանակցության մյուս կողմերը հետաքրքրված չեն խաղաղության հաստատմամբ` խաղաղություն հնարավոր կլիներ միայն, եթե մենք ինքներս անցած երկու տարիների ընթացքում քայլեր ձեռնարկեինք՝ առավե՛լ ինքուրույն , առավե՛լ արդար հասարակություն և առավե՛լ գործուն ինքնապաշտպանական համակարգ ստեղծելու համար։  Սակայն, այդ ժամանակը կորսված է և մենք քաղաքական անհեռատես որոշումների մի ամբողջ շղթայի պատճառով հայտնվել ենք ճգնաժամային վիճակում։ Վիճակ, որը ենթադրում է երկու ելք՝ կամ կրկին զիջել ինչ-որ բան մեր իրավունքներից ու արժանապատվությունից և ստանալ մի քանի ամսվա խարխուլ խաղաղություն կամ հասկանալ մեր իրավիճակի խորքային պատճառները և փոփոխել դրանք։

Վիճակը հետևյալն է․ Հայաստանը չի կարողանում ձևակերպել մեր ինքուրույն անվտանգային նպատակները և ըստ այդմ վարել քաղաքականություն։ Հայ հանրության քաղաքական միտքը հանգել է երկու տարբեր մոտեցումների. առաջին մոտեցումը մեր անվտանգային ռազմավարությունը կապում է  արտաքին անվտանգային միջավայր գտնելու և դրա հովանոցի տակ մտնելու հետ, սակայն, արագ փոփոխվող աշխարհակարգը չի տալիս հնարավորություն երկարաժամկետ կանխատեսումներ անել նման դաշինքների կենսունակության մասին, ուստի մեր ժողովրդի անվտանգությունը չի կարող կապվել կարճաժամկետ ու տատանողական համակարգից։ Մյուս մոտեցումը հենվում է ներպետական անվտանգային գործուն համակարգ կառուցելու և արտաքին ուժերի լիակատար աջակցության անհեռանկար հույսերից ազատվելու վրա։ Երկրորդ մոտեցումը այն է ինչին հավատում և ինչի ուղղությամբ մեր անհատական ու խմբային ջանքն ենք գործադրում նաև մենք։ 

Սիրելի՛ քաղաքացիներ, մենք հանգել ենք մի կետի, որտեղ պետք է սթափորեն գիտակցենք, որ Ադրբեջանին պետք չէ խաղաղություն և չկա մի զիջում, որից հետո նա կանգ կառնի։ Ապարդյուն են ինքնախաբեության բոլոր փորձերը, որով մեզ փորձում են համոզել, թե Արցախի մեր ժողովրդի իրավունքների վաճառքով մենք կարող ենք խաղաղություն գնել Հայաստանի համար։ Ըստ այդմ մենք կտրականապես մերժում ենք իրավունքներից հրաժարման այս քաղաքականությունը, որ հանգեցնում է շարունակական բախումների և չենք ընդունելու այդ քաղաքականության որևէ փաստացի կամ իրավական արդյունք։ 

Մեր անելիքը մեկն է` ինքնակազմակերպվել և համերաշխության գալ Հայաստանի և հայ ժողովրդի ազատ ու արժանապատիվ ապրելու իրավունքի շուրջ։ 

Քաղաքացու Որոշում կուսակցության Գործադիր Մարմին

Նմանատիպ նյութեր