211652_close_icon
views-count1977 դիտում article-date 22:24 05-09-2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել ԱԻՆ աշխատողի օրվան նվիրված տոնական շքերթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել ԱԻՆ աշխատողի օրվան նվիրված տոնական շքերթ:

ԱԻՆ աշխատողի օրը նշվում է սեպտեմբերի 4-ին։

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը, բարձրաստիճան պաշտոնատար անձինք, միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչներ։

Տոնական շքերթը գլխավորել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճան» մեդալակիր, գնդապետ Արմեն Գասպարյանը։

Իր ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Փրկարար ծառայությունն իրենց կարևոր և առանցքային դերակատարումն ունեցել են և ունեն Հայաստանում արտակարգ իրավիճակների կառավարման գործում:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին այս ընթացքում իրենց կատարած կարևորագույն աշխատանքի համար: Եվ գնահատանքիս խոսքերն եմ հնչեցնում Արտակարգ իրավիճակների նախարարության բոլոր աշխատողներին, Փրկարար ծառայության բոլոր աշխատողներին, որովհետև ձեր կատարած աշխատանքն անգնահատելի է»,-նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Շնորհավորելով ԱԻՆ բոլոր աշխատակիցներին մասնագիտական օրվա առթիվ՝ նախագահ Վ․ Խաչատուրյանը կարևորել է արտակարգ իրավիճակների համակարգի դերը:

«Նախարարության ստեղծման օրվանից և դրանից էլ առաջ՝ սկսած Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակներից Արտակարգ իրավիճակների նախարարությունը տարիների ընթացքում դարձավ պետական այն կառույցներից մեկը, որի դերը, անհրաժեշտությունը և կարևորությունը պետության հասարակական կյանքը բնական ընթացքով կազմակերպելու գործում ակնառու է:

Ժամանակի ընթացքում դուք, նոր ձեռքբերումների արդյունքում ավելի հմտանալով, հզորանալով այսօր պատրաստ եք մեր երկրի, քաղաքացիների ապրելու, աշխատելու համար անվտանգ միջավայրի ապահովմանը»,- ընդգծել է նախագահը։

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը՝ ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ տարիների ընթացքում կառույցն իր կայացման ուղին անցել է բազում փորձությունների միջով, ինչը նպաստել է գերատեսչության կայացմանը և հասարակության մոտ վստահության ձևավորմանը:

«Փրկարար լինելն առաքելություն է և մեկ անգամ չէ, որ մեր փրկարարները ապացուցել են դա իրենց անձնուրաց աշխատանքով, հաճախ նաև իրենց առողջության ու կյանքի գնով փրկելով հազարավոր կյանքեր։ Տարիներ շարունակ փրկարարները կատարելագործվել են և այսօր արդեն կարող են մասնագիտական աջակցություն ցուցաբերել աղետում հայտնված ցանկացած երկրի, ինչը խոսում է նրանց մասնագիտական, գործառնական, ինչպես նաև բարոյահոգեբանական պատրաստվածության, ծառայողական գործունեության բարձր մակարդակի մասին», - ասել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

Գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ օրեր առաջ ևս մեկ փորձություն է հաղթահարվել ԱԻ նախարարության ուժերով:

««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց մեր հասարակությանը, որ մենք կարողանում ենք պատշաճ արձագանքել, հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել՝ անգամ իր նախադեպը չունեցող աղետի պարագայում։

Հրդեհի, փլատակների, շենքի փլուզման իրական վտանգի պայմաններում փրկարաները 24 ժամյա ռեժիմով կատարում են իրենց ծառայողական պարտականությունները»,- նշել է ԱԻ նախարարը՝ ընդգծելով, որ փրկարարներն արժանի են բարձր գնահատանքի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ ԱԻ աշխատողի օրվա առթիվ, ինչպես նաև ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար, ՀՀ ԱԻՆ մի խումբ աշխատողների պարգևատրել են պետական պարգևներով և հուշամեդալներով:

Մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար, ինչպես նաև արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առիթով ԱԻ նախարարը ևս աշխատակիցներին խրախուսել է պատվոգրերով և հուշամեդալներով։

Հանդիսավոր երթին մասնակցել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության՝ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, ՀԱԷԿ հատուկ հրշեջ ջոկատի, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների, ինչպես նաև՝ ՀՀ ԱԻՆ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարներից կազմված շարասյուները:

Շքերթի շրջանակում ՊՆ երկու ուղղաթիռ, որոնք նախագծված են նաև հրդեհաշիջման հատուկ աշխատանքներ իրականացնելու համար, կատարել են ցուցադրական թռիչք։

Հանդիսավոր երթը եզրափակել է ԱԻՆ փողային նվագախումբը:

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնի 911 պարախմբի արտիստները հանդես են եկել պարային կատարմամբ:

Միջոցառման ավարտին ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանը և ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս Յուրի Սաքունցը սահմանել են համաշխարհային նոր ռեկորդներ։

 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր