211652_close_icon
views-count1150 դիտում article-date 15:48 04-09-2022

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել համաշխարհային հռչակ վայելող թավջութակահար Գոթյե Կապյուսոնը

Սեպտեմբերի 3-ին «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի բացմամբ մեկնարկել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 17-րդ համերգաշրջանը։

Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել համաշխարհային հռչակ վայելող թավջութակահար Գոթյե Կապյուսոնը։ Համերգային ծրագրում հնչել են Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Իսպանական Կապրիչիոն», Ալեքսեյ Շորի Թավջութակի կոնցերտը «Երաժշտական ուխտագնացություն», Ալեքսանդր Բորոդինի նախերգանքը «Իշխան Իգոր» օպերայից և Կամիլ Սեն-Սանսի Թավջութակի թիվ 1 կոնցերտը։ Համերգը ղեկավարում էր Սերգեյ Սմբատյանը։ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը հիմնադրվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի (EUFSC) նախագահ Կոնստանտին Իշխանովի նախաձեռնությամբ և այս տարիների ընթացքում Երևանում հյուրընկալել է աշխարհահռչակ բազմաթիվ երաժիշտների՝ անմոռանալի պահեր պարգևելով երաժշտասերներին։

«Արմենիա» 6-րդ միջազգային երաժշտական փառատոնն անցկացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ։ Սերգեյ Սմբատյանը, անդրադառնալով «Արմենիա» 6-րդ միջազգային երաժշտական փառատոնին, կարևորեց, որ փառատոնի և նոր համերգաշրջանի բացումը տրվում է Գոթյե Կապյուսոնի մասնակցությամբ համերգով. «Ունենք փայլուն արտիստներ, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում ելույթ կունենան Երևանում՝ Միշա Մայսկի, Գիլ Շահամ, Յոզեֆ Կալեյա և այլք։

Փառատոնային մշակույթը կարևոր է մեր քաղաքի համար։ Ի սկզբանե որոշել էինք, որ «Արմենիա» փառատոնը պետք է անցկացվի սեպտեմբերին, երբ մեր մայրաքաղաքում շատ են զբոսաշրջիկները, որոնք, Հայաստան գալով, պետք է հիանան նաև մեր արվեստով, մեր երաժիշտների վարպետությամբ ու մեծ ճանաչում ունեցող երաժիշտների կատարումները վայելելով։ Կարծում եմ՝ Գոթյե Կապյուսոնի նման արտիստների ներգրավումը փառատոնի շրջանակներում դասական երաժշտության շատ երկրպագուների կարող է բերել մեր երկիր»։ 21-րդ դարի լավագույն թավջութակահարներից Գոթյե Կապյուսոնն էլ ասաց, որ շատ ուրախ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հրաշալի համագործակցության համար։ Երևանում համատեղ հանդես են գալիս երկրորդ անգամ, առաջին բեմելը 2013 թվականին էր։ Նա նշեց, որ մեծագույն հաճույք է բացել «Արմենիա» փառատոնը։ Իսկ սեպտեմբերի 3-ի համերգն իր համար նշանավոր է նաև նրանով, որ այդ օրն իր ծննդյան օրն է։ Թավջութակահարը նկատում է, որ ուրախ է հանդես գալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, որտեղ նվագում են երիտասարդ, էներգիայով լի երաժիշտներ։ Կապյուսոնը նաև նշեց, որ ինքը միշտ սիրով է կատարում այն ստեղծագործությունները, որ ներկայացնում է Երևանում՝ Սեն-Սանսի և Շորի Թավջութակի կոնցերտները։

Անդրադառնալով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նոր՝ 2022-2023թթ. համերգաշրջանին՝ տեղեկացնենք, որ այս ընթացքում երաժշտասերներին սպասվում են համերգային հանդիպումներ համաշխարհային ճանաչում վայելող երաժիշտների հետ։ Նվագախումբը դասական երաժշտության սիրահարներին կներկայանա փառատոներով, համերգային երեկոներով, նոր նախագծերով։ Նախատեսված են նաև  արտասահմանյան հյուրախաղեր Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում,  Օմանի Սուլթանությունում, որոնց շրջանակներում, ի թիվս դասական երաժշտության համաշխարհային գանձարանի նմուշների, կներկայացվեն նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Նոր համերգաշրջանում նախատեսվում է ձայնագրել հայ կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանի, Ջոն Տեր-Թադևոսյանի, Տիգրան Մանսուրյանի ստեղծագործություններից։
 

Նմանատիպ նյութեր