211652_close_icon
views-count998 դիտում article-date 12:33 30-08-2022

Երևանում հանդես կգա համաշխարհային հռչակ վայելող թավջութակահար Գոթյե Կապյուսոնը

Սեպտեմբերի 3-ին՝ 19։30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգը, որով կտրվի նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգաշրջանի մեկնարկը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա համաշխարհային հռչակ վայելող թավջութակահար Գոթյե Կապյուսոնը։

Գոթյե Կապյուսոնն իրապես համարվում է 21-րդ դարի թավջութակի արվեստի դեսպան: Աշխարհի առաջատար դիրիժորներից և կատարողներից շատերի հետ միջազգային ընդգրկում ունեցող ելույթներից զատ՝ նա նաև գործում է որպես Փարիզի «Louis Vuitton» հիմնադրամի «Classe d'Excellence de Violoncelle»-ի հիմնադիր ղեկավար: 2021-2022 համերգաշրջանում Կապյուսոնը հանդես է եկել Վիեննայում՝ Ալան Ալթինօղլուի, Մյունխենում՝ Գիդրե Շլեկյեի և Նյու Յորքում՝ Յու Լոնգի ղեկավարած ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ, ինչպես նաև «Կենցերտգեբաու» նվագախմբի հետ՝ Մյուն Վուն Չանգի, Քլիվլենդի նվագախմբի հետ՝ Մայքլ Թիլսոն Թոմասի և Մարիինան թատրոնի նվագախմբի հետ՝ Վալերի Գերգիևի ղեկավարությամբ։ Նա Փարիզի ֆիլհարմոնիայի, ինչպես նաև «Wiener Konzerthaus»-ի ռեզիդենտ երաժիշտն է:

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի բացմանը կհնչեն Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Իսպանական Կապրիչիոն», Ալեքսանդր Բորոդինի նախերգանքը «Իշխան Իգոր» օպերայից, Ալեքսեյ Շորի Թավջութակի կոնցերտը՝ «Երաժշտական ուխտագնացություն» և Կամիլ Սեն-Սանսի Թավջութակի կոնցերտը։ Համերգը կղեկավարի Սերգեյ Սմբատյանը։

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC): Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ 

Նմանատիպ նյութեր