211652_close_icon
views-count1331 դիտում article-date 13:57 01-09-2022

Զինծառայողների ընտանիքներին 2022-ին նախատեսված բնակարանի գնման վկայագրեր տալու հարցը կդիտարկվի 2023-ին

Կառավարությունն այսօրվա նիստում վերաբաշխում կատարեց պետական բյուջեի մասին օրենքում, որով ՀՀ ՊՆ «Ռազմական կարիքների բավարարում» միջոցառման միջոցներից նվազեցրեց  33 մլրդ.դրամ` ավելացնելով «Բնակարանային ապահովում» ծրագրի «Զոհված (մահացած) առաջին, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամ զինծառայողների անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովում և բնակարանային պայմանների բարելավում» միջոցառման բյուջեի միջոցներին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծով առաջարկվում է ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի «Զոհված (մահացած) առաջին, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամ զինծառայողների անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովում և բնակարանային պայմանների բարելավում» միջոցառման ոչ ֆինանսական` արդյունքային (կատարողական) ցուցանիշների ճշգրտում:

Նշված ծրագրի շրջանակներում 2022թ.ընթացքում նախատեսված է բնակարանների գնման վկայագրեր տրամադրել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բնակարանային հաշվառման ընդգրկված, ծրագրի շահառու հանդիսացող զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների թվով 59 ընտանիքի, որից Երևան քաղաքում` 9 ընտանիք (4-ը՝ զոհված (մահացած), 5-ը՝ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիք), ինչպես նաև ՀՀ մարզերի 50 ընտանիք(13-ը` զոհված (մահացած), 37-ը՝ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիք):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2021 թվականին տրամադրված բնակարանի գնման վկայագրերից թվով 61շահառուի նկատմամբ ձևավորված պարտավորությունները տեղափոխվել և իրականացվում է 2022թ. ընթացքում` անհրաժեշտություն է առաջանում ՀՀ 2022-ի պետական բյուջեում կատարել արդյունքային (կատարողական) ցուցանիշների համապատասխան վերաբաշխում:

Ընդ որում՝ ս.թ. հուլիսի 12-ի դրությամբ արդեն իսկ բնակարանի առք ու վաճառքի պայմանագիր են ներկայացրել թվով 50 շահառու, որից Երևան քաղաքում` 15 ընտանիք (13-ը՝ զոհված (մահացած), 2-ը՝ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիք), ինչպես նաև ՀՀ մարզերի` 35 ընտանիք (29-ը՝ զոհված (մահացած), 6-ը՝ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիք): Թվով 5 շահառուներին տրամադրված բնակարանի գնման վկայագրերը դեռևս գտնվում են 6-ամսյա գործողության ժամկետի մեջ, իսկ թվով 6 շահառուի տրամադրված բնակարանի գնման վկայագրերի 6 ամսյա ժամկետը լրացել է:

2022թ. նախատեսված շահառուներին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման հարցը կդիտարկվի 2023թ. ընթացքում:

Նմանատիպ նյութեր