211652_close_icon
views-count2154 դիտում article-date 19:54 29-08-2022

Պարտադիր զինվորական ծառայությունից գումարի դիմաց ազատվելու դրույթն անթույլատրելի է և մերժելի․ «Դիմադրություն» շարժում

«Դիմադրություն» շարժման Պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովն այսօր հրավիրել է ընդլայնված նիստ, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, պաշտպանական և իրավապահ համակարգերի նախկին բարձրաստիճան ծառայողներ, ռազմական փորձագետներ։

Նիստում քննարկվել է ՀՀ ՊՆ կողմից շրջանառության մեջ դրված և հանրային քննարկման ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Միաժամանակ արձանագրվել է, որ պարտադիր զինվորական ծառայությունից գումարի դիմաց ազատվելու դրույթն անթույլատրելի է և մերժելի։

Քննարկման մասնակիցները հաստատել են, որ ՀՀ զինված ուժերի բարեփոխումների միասնական հայեցակարգի բացակայության պայմաններում նման չհամադրված գործողությունները ևս մեկ անգամ փաստում են, որ 2018 թվականից սկսյալ, իշխանության գալով, այս քաղաքական ուժը հետևողականորեն նպատակ ունի կազմալուծել ՀՀ անվտանգության գլխավոր երաշխավոր Զինված ուժերը, փոշիացնել Արցախյան ազատամարտով, զոհողություններով միս ու արյուն ստացած Բանակը։

44-օրյա պատերազմից հետո շարունակվում է Արցախի պաշտպանության համակարգի ապառազմականացումը, որից զերծ չեն մնում նաև ՀՀ Զինված ուժերը։ Այս ամենն արվում է, թշնամի երկրի ղեկավարի կողմից Հայոց բանակի թուլացման, զարգացման հնարավորությունների բացառման՝ պարբերաբար հնչող հայտարարությունների ֆոնին։
Իշխանության ներկայացրած այս նախաձեռնությունը հերթական քայլն է վերացնելու ՀՀ Զինված ուժերը։

Քննարկմանն արձանագրվել է, որ այս նախագիծը հակասահմանադրական տարրեր է պարունակում և ոչ թե ամրապնդելու է պաշտպանական համակարգը, այլ առավել խորացնելու է ներհասարակական անհանդուրժողականությունը՝ ծառայությունը դարձնելով ոչ թե պատվաբեր ու պարտադիր քայլ, այլ ձևավորելու է չակերտավոր առանձնաշնորհյալների մի խումբ, որոնք իրենց սահմանադրական պարտքը կատարելուց ազատվելու են 24 միլիոն դրամանոց փրկագնով։

Քննարկումների արդյունքում որոշվել է շարունակել այս հարցի արծարծումը տարբեր հարթակներում, իսկ վերջնական ու միասնական դիրքորոշում ձևավորելու համար առաջիկա օրերին Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվելու է լայն շրջանակների ընդգրկմամբ հանրային քննարկում, որի մասին կտեղեկացվի ավելի ուշ։

Ի դեպ, քննարկման մասնակիցներն անհանգստություն են հայտնել նաև ՀՀ ՄԻՊ կողմից հանրային ծառայության առանձին տեսակների համար սահմանված՝ արհեստակցական միություններին և կրոնական կազմակերպություններին անդամակցության արգելքի սահմանադրականության վերաբերյալ դիմումը՝ այն գնահատելով իբրև անվտանգային համակարգերի փլուզման իշխանական քաղաքականության մաս։

Նմանատիպ նյութեր