211652_close_icon
views-count1617 դիտում article-date 18:08 29-08-2022

Արցախի բնակիչները ֆիզիկապես չեն կարող գոյատևել Ադրբեջանի պրոտեկտորատի տակ. Արցախի ՀԿ-ների հայտարարությունը

Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) բռնի տեղահանված քաղաքացիների հասարակական կազմակերպությունները ողջունում են ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսումը։ Հայտարարության մեջ ասվում է.

«Մենք՝ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի կողմից մեր բնակության վայրերի օկուպացիայի հետևանքով բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում ու Արցախի Հանրապետության այլ շրջաններում ապաստան գտած բնակիչներս, ողջունում ենք ամերիկացի նոր համանախագահ Ֆիլիպ Ռիկերի նշանակումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսումը։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին ահաբեկչական վարձկանների կիրառմամբ Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի արդյունքում մենք՝ Արցախի Հանրապետության բնակիչներս (նաև նախկին ԼՂԻՄ-ի բնակիչներս) կորցրեցինք մեր տները, ունեցվածքը, պատմական և հոգեւոր արժեքները, և մեր հարազատների շիրիմներին այցելելու հնարավորությունը։

Հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կշարունակի իր աշխատանքը՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության բնակիչների կարծիքը, այն է՝ մեր օրինական ինքնորոշման իրավունքը, որը արտահայտվել է մեր կողմից 1988 թվականին և հաստատվել այդ իրավունքի իրականացման համար մեր 32 տարվա պայքարով։

Ռասայական խտրականության քաղաքականությունը, հայատյացությունը և Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունը՝ ուղղված Արցախի Հանրապետության տարածքի հայերից էթնիկ զտմանը, խաղաղ բնակչության դաժան սպանությունները, խաղաղ բնակչության դեմ զենքի արգելված տեսակների կիրառումը և Լաչինի մարդասիրական միջանցքի գրավման և Բերձոր քաղաքի, Ահավնո և Ներքին Սուս գյուղերի բնակիչների բռնի տեղահանման հետ կապված վերջին իրադարձությունները վկայում են այն մասին, որ Արցախի Հանրապետության բնակիչները ֆիզիկապես չեն կարող գոյատևել Ադրբեջանի պրոտեկտորատի տակ։

Նույնի մասին է զգուշացնում նաև Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը, որը երկրորդ նախազգուշացումն է ուղարկել Ադրբեջանին (lemkininstitute.com)՝ դատապարտելով ատելության խոսքը, սպառնալիքներն ու վայրագությունները, որոնք քարոզվում են Ադրբեջանում պետական մակարդակով հայերի և հայկական ինքնության դեմ։

Մենք հույսով սպասում ենք Արցախի Հանրապետության հիմնախնդրի արդարացի երկարաժամկետ լուծում՝ միջազգային կոնվենցիաների հիման վրա նրա բնակիչների իրավունքների պաշտպանության շրջանակներում։

«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ

«Հանուն Հադրութի» ՀԿ

«Հադրութի օկուպացիա» ՀԿ

«Վերադարձ Քաշաթաղ» ՀԿ

«Վերադարձ Քարվաճառ» ՀԿ

«Կռունկ» ՀԿ

«Շուշիի բռնի տեղահանվածների» ՀԿ»

Նմանատիպ նյութեր