211652_close_icon
views-count1745 դիտում article-date 11:13 14-09-2021

Առանց հանրային դիմադրողականության պետությունը չի կարող գոյատևել․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է․ «Չորս ամսից ավելի է՝ ադրբեջանական 1000-ից ավելի զինվորներ գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Այդ մասին, սակայն, արդեն գրեթե ոչ մեկը չի հիշում, հասարակությունը հաշտվել է հայրենիքի այդ հատվածի անկռիվ հանձնումի հետ։

Ադրբեջանն ու Թուրքիան միջանցք են ցանկանում Սյունիքո՞ւմ, ոչ մի խնդիր․ սկզբում նրանք փակում են Հայաստանի կրկին ինքնիշխան տարածքի ճանապարհը, ապա Նիկոլ Փաշինյանը մի բանավոր հայտարարությամբ այդ տարածքներին շնորհում է ադրբեջանական պատկանելություն, որից հետո Ադրբեջանն արդեն ոստիկանական պահակակետ է տեղադրում կրկին ՀՀ ինքնիշխան տարածքով անցնող ավտոճանապարհին, որը, սակայն, արդեն ոչ միայն երկրի ղեկավարի, այլ նաև ԱԱԾ-ի ու զանազան իշխանական պատգամավորների կողմից ներկայացվում է ադբեջանական տեղանուններով։ Եվ կրկին հանրության զրո դիմադրողականության պայմաններում։

Դժվար է միարժեք պատասխանել հարցին՝ ինչո՞ւ է սեփական բակի յուրաքանչյուր սանտիմետրի համար հարևանին սպանելու պատրաստ հասարակությունն այդքան հեշտությամբ համակերպվում հայրենիքի հանձնման հետ։ Բայց ի թիվս բազմաթիվ այլ պատճառների, դա հնարավոր է դարձել նաև մեծ խաբեության շնորհիվ, որով գործող հեղափոխական իշխանությունն արդեն երեք տարի կերակրում է մեր հասարակությանը։

Այդ խաբեության իմաստն այն է, որ «իշխանությունը պատկանում է ժողովրդին», և դա մեծագույն, դարակազմիկ ձեռքբերում է հայ ժողովրդի համար։ Այդ կաղապարի հիմքում այն իրականությունն է, որ Հայաստանում ժողովրդին պատկանում է միայն իշխանությունը, որն իր ստացած «պողպատյա մանդատով» իրավունք ունի ժողովրդին այլևս չպատկանող ամենայնի հետ վարվել սրտի ուզածով։

Հոգեբանական այս խաբեության արդյունքն այն է, որ հասարակությունը կամ ժողովուրդն իրենը համարելով իշխանությունը, սեփականության, պատկանելության որևէ զգացողություն չունի իշխանությունից շատ ավելի կարևոր արժեքների, այդ թվում՝ սեփական հայրենիքի, հողի նկատմամբ։

Արդյունքում՝ հայ հասարակությունը գրեթե ուշադրություն չի դարձնում, որ մինչ «իշխանությունը պատկանում է ժողովրդին», այդ նույն իշխանության թողտվությամբ՝ Սև լիճն ու Գորիս-Կապան ճանապարհը պատկանում են Ադրբեջանին․․․

Հանրային դիմադրողականությունը ցանկացած պետության կարևորագույն ինստիտուտներից է, առանց դրա որևէ պետություն չի կարող ոչ միայն կենսունակ լինել, այլ ընդհանրապես գոյատևել»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր