211652_close_icon
views-count69114 դիտում article-date 18:58 09-08-2022

Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել դանակահարված 29-ամյա տղայի կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հուլիսի 21-ին՝ կեսգիշերին մոտ, Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել երիտասարդ տղա՝ կրծքավանդակի շրջանում սուր կտրած-ծակած  վնասվածքներով, արյունահոսական շոկով, մթագնած գիտակցությամբ, ծայրահեղ ծանր վիճակում:

Օրվա հերթապահ բժիշկները՝ վիրաբույժ Արտակ Քալաշյանը,  վնասվածքաբան Վահրամ Գրիգորյանը եւ անեսթեզիոլոգ Հովսեփ Հովհաննիսյանը, ճիշտ կողմնորոշվելով, հիվանդին անմիջապես բարձրացնում են վիրահատարան:

Յուրաքանչյուր վայրկյանը թանկ էր, տղայի կյանքը «թելից էր կախված»: Բժիշկների հերթապահ խմբին են միանում նաեւ Վանաձորի բժշկական կենտրոնի վիրաբույժ Դավիթ Ազարյանը եւ վիրաբուժական բաժանմունքի վարիչ Հովակիմ Գոքորյանը: Հենց վիրահատարանում արդեն մի կողմից բուժական միջոցառումներն էին կատարվում, մյուս կողմից՝ անհրաժեշտ հետազոտություններն իրականացվում:

Վնասվածքները շատ էին՝ կյանքին վտանգ սպառնացող: Վնասված էին  թոքերը, ստոծանին, վնասվածքը շարունակվում էր մինչեւ որովայնի խոռոչ: Որովայնահատումից հետո պարզ դարձավ, որ վնասված էր նաեւ հաստ աղիքը, ստամոքսը,  բարակ աղիները եւ  լյարդը:

Շուրջ 4 ժամ տեւած բարդ վիրահատությունը, ի պատիվ Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկների ու ողջ բուժանձնակազմի, անցել է բարեհաջող: Տուժած երիտասարդը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, գտնվել  բուժանձնակազմի հսկողության ու ուշադրության ներքո: Հետո արդեն՝ հիվանդասենյակ:

Ի շնորհիվ բժշկական կենտրոնի օրվա հերթապահ խմբի բժիշկների ճիշտ կողմնորոշվելու, այնուհետ արդեն խմբին միացած մյուս բժիշկների ու ողջ բուժանձնակազմի պրոֆեսիոնալ գործողությունների, հնարավոր եղավ փրկել երիտասարդ տղայի կյանքը:

29-ամյա  տղան դուրս է գրվել հիվանդանոցից ապաքինումով:

«Վանաձորի բժշկական կենտրոն»-ի մամուլի ծառայություն
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր