211652_close_icon
views-count285032 դիտում article-date 09:49 09-08-2022

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են Opel-ն ու ռուսական համարանիշներով բեռնատարը, զոհերին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 45 կմ հատվածում՝ Ուշիի ոլորաններում, բախվել են Opel-ն և ռուսական համարանիշներով բեռնատարը։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել է, 3 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները։

Մահացածներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հուսիկ Հովհաննիսյանն ու քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Շանթ Գդոյանը։

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի՝ Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ ՀՀ ՃՈ պետի տեղակալ Նորիկ Սարգսյանի, գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Խաչատրյանի  և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Ստեփան Սուքիասյանի, Հովսեփ Հովհաննիսյանի և Կարեն Համբարձումյանի գլխավորությամբ։ 

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ս. Սուքիասյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և 200 մետրից ավելի հայտնվել 3 բնակիչների սեփական տան այգիներում։

Բնակիչները հերթական անգամ կրել են նյութական խոշոր չափի վնաս, իսկ ինչո՞ւ՝ հերթական, որովհետև ամեն անգամ այդ բնակիչները ավտովթարների պատճառով հայտնվում են կոտրած տաշտակի առաջ, քանի որ ապահովագրական ընկերությունները, երբ գալիս են դեպքի վայր, խոստանում են, որ կփոխհատուցեն, սակայն այդ ամենը «օդ է դուրս գալիս»։ Ողբերգական այս դեպքում բնակիչները կրել են մի քանի միլիոնի վնաս ու հիմա էլ չգիտեն, թե ով է փոխհատուցելու վնասը։ 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են այդ բնակիչների ինքնությունը։ 

Վթարի հետևանքով կոտրվել ու քոքահան են եղել պտղատու ծառեր՝ ծիրանենիներ, փշատենիներ, խնձորենիներ, սալորենիներ, ընկուզենիներ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 291+
291+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր