211652_close_icon
views-count38798 դիտում article-date 23:59 03-08-2022

Քեզ բացակա չենք դնի. ծնունդդ շնորհավոր, արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Էրիկ Գևորգյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 2-ին, Երևանում՝ Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի դահլիճում հիշատակի օր էր։ Հավաքվել էին արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Էրիկ Գևորգյանի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, հերոսածին մայրեր, հերոսների հայրեր, հյուրեր՝ ոչ միայն մայրաքաղաքից ու մարզերից, այլ նաև Արցախից։ 

Երեկ մեր հերոսը կդառնար 25 տարեկան, հերոս, ով իր կյանքը զոհաբերեց հանուն մեր կյանքի, հերոս, ով իր կյանքով կռվի ամենաթեժ վայրերում փրկեց բազմաթիվ հերոս զինվորների։ 

Հուզիչ էր արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսներից Վարդան Ամալյանի մոր՝ կենդանի կատարմամբ երգը։

Հերոսի մասին բազմաթիվ դրվագներ ներկայացվեցին, այդ թվում՝ նրա մանկության, պատանեկության, զիվորական կյանքից, տեսաֆիլմեր։ Ճիշտ է, դահլիճում հերոսածին մայրերը արցունքն աչքերին էին դիտում տեսաֆիլմերը, բայց նաև ասում էին, որ այս արցունքները հպարտության արցունքներ են, քանի որ թե Էրիկը, թե Էրիկի նման բոլոր լեգենդ դարձած հերոս տղաները 44-օրյա պատերազմում չեն պարտվել, պարտվել է քաղաքականությունը, որոշ դեմագոգ քաղաքական գործիչները. «Մենք այսօր չենք ասում՝ Էրիկ ջան, դու բացակա ես, մենք այսօր ասում ենք՝ ծնունդդ շնորհավոր, դու հիմա երկնքում մեր բոլոր հերոս տղաների հետ հսկում եք Հայաստանն ու Արցախը, և ի լուր աշխարհի՝ մենք ասում ենք՝ քեզ բացակա չենք դնի»։

Միջոցառումը կազակերպվել էր հերոսի մորաքրոջ՝ Լուսինե Շահնազարյանի, քրոջ՝ Ժասմենա Գևորգյանի, ինչպես նաև Հայ Ձմեռ Պապ հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանի նախաձեռնությամբ։ 

***
Էրիկ Արմենի Գևորգյանը ծնվել է 1997թ օգոստոսի 2-ին, Երևանում։ Սովորել և ավարտել է Երևանի Գ. Զոհրապի անվան N 97 դպրոցը։ Դպրոցին զուգահեռ ինքնուրույն սովորել է ծրագրավորում: Ութերորդ դասարանից աշխատել է այդ մասնագիտությամբ՝ մի շարք կազմակերպությունների և անհատների հետ: Դպրոցին զուգահեռ զբաղվում էր մարմնամարզությամբ, բոքսով, լողով։

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ՝ անվճար հիմունքով։ Ընկերասեր էր, ազնիվ, պարտաճանաչ, նպատակասլաց, շարքը կարելի է անվերջ թվել:

Մասնակցել է «Պատիվ ունեմ» ծրագրին, համալսարանին զուգահեռ սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և բանակ զորակոչվել է որպես լեյտենանտ ԼՂՀ: Սիրված էր և՛ հրամանատարների, և՛ զինվորերի կողմից։ Դ-30 հաուբից հրանոթի հաշվարկի հրամանատար էր, իր գործին գերազանց էր տիրապետում։ Պատերազմի օրերին էլ մշտապես ակտիվ մարտական գործողությունների մեջ էին։ Զինվորին և ծառայությանը նվիրված էր։

Առաջին օրվանից աչքի է ընկել իր խելքով ու պատերազմի ժամանակ կատարել է մարտկոցի ավագ սպայի պարտականություններ։ Հաշվարկները ինքն էր անում: Հրետանու կրակով ոչնչացրել է թշնամու մեծաթիվ զինտեխնիկա:

Էրիկը պարգևատրվել է Արիության մեդալով:

Էրիկի ընտանիքը պատմում է, որ Էրիկը տան ուրախությունն է եղել՝ աշխույժ, շնորհալի, բարի, կազմակերպված և շատ խելացի։ Իր քրոջ՝ Ժասմենայի հետ մշտապես բեմադրում էին կատակ-միջոցառումներ, ուրախություն ու սեր պարգևում շրջապատին։

Ինչպես նշվեց, Էրիկը սովորել է Գրիգոր Զոհրապի անվան թիվ 97 ավագ դպրոցում, որտեղ էլ և իրար գտել են հրաշալի ընկերներով և մինչ օրս ապրում են իրարով։ Բացի բարձր առաջադիմությունից, Էրիկը վայելում էր ընկերների և ուսուցիչների համակրանքը։ Միշտ աչքի էր ընկնում իր սուր և ինքնատիպ հումորներով։ Առաջատար էր հատկապես ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներում, փայլուն տիրապետում էր տեղեկատվական տեխնոլոգիաներին, որի վառ ապացույցը հենց դպրոցական տարիներին այդ դպրոցի պաշտոնական կայքի ստեղծումն էր։

Բոլոր առավելությունների կողքին նա անսահման համեստ էր ու համբերատար, լավ խորհրդատու, վստահելի ու հուսալի տղա պարզապես։ Դպրոցին զուգահեռ զբաղվում էր մարմնամարզությամբ, բոքսով, լողով։ Ազատ ժամանակ քիչ էր ունենում։ Լողի մրցումներին մշտապես պատվո հարթակին էր՝ հիմնականում ամենաբարձր աստիճանին։ Հաղթել է ՀՀ լողի, Գյումրու «Քաղաքապետի գավաթի», Նեպտուն մարզադպրոցի և մի շարք այլ առաջնություններում, նա գերազանց արդյունք ցույց էր տալիս լողի բոլոր վարժություններում։ Այսքանին զուգահեռ Էրիկը հասցնում էր կարդալ, շատ էր կարդում:

ԵՊՀ ում բացվել է Հայ Ձմեռ պապ հիմնադրամի հետ համատեղ Էրիկ Գևորգյանի անունով հիմնադրամ , և տարին երկու անգամ անցկացվում է մրցույթ. լավագույն ուսանող ճանաչվածները պարգևատրվում են։ Էրիկի անունով համալսարանի բակում տնկվել է ծառ, հայրական տան բակում բացվել է հուշաքար, հուշաքար կա նաև դպրոցի բակում, զորամասի բակում։


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 457+
457+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր