211652_close_icon
views-count2394 դիտում article-date 13:57 13-07-2022

Թուրքիայի հայկական հիմնադրամների միությունը հայտարարություն է տարածել Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի վերաբերյալ.  ermenihaber.am

Թուրքիայի հայկական հիմնադրամների միությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հայտարարության մեջ նշվում է, որ հեռախոսազրույցը դարձել է Թուրքիայի հայ համայնքի օրակարգային թեման։ Անհատների մակարդակում նկատվող անվիճելի լավատեսությունն համայնքն ամբողջովին կիսում է նաև վարչական/ինստուտուցիոնալ մակարդակում։ Այս համատեքստում հետևյալ շեշտադրումն է արվել․

«Մեր տասնյակ հնագույն հիմնադրամները, որոնք գործում են որպես Թուրքիայի Հանրապետության հաստատություններ, և նրանց կից մեր բոլոր հաստատությունները և ընկերությունները գնահատանքով և հույսով են հետևում պարոն Էրդողանի և պարոն Փաշինյանի կողմից ցուցադրվող օրինակելի առաջնորդությանը։ Թուրքիայի և Հայաստանի միջև սկսված կարգավորման գործընթացը վերջին շրջանում մեծ սպասելիքներ է ձևավորել, իսկ երկու ղեկավարների ուղիղ հեռախոսազրույցի ձևավորած մթնոլորտը նոր մասշտաբ է հաղորդել լավատեսությանը… Միջազգային ասպարեզում շատ կարևոր դերակատար Թուրքիայի՝ ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը բոլոր առումներով նոր հորիզոններ է խոստանում»։

Հայտարարության մեջ նաև նշվել է, որ հայ համայնքը, չնայած իր համեստ ներուժին, Թուրքիայի և ՀՀ-ի միջև կարող է խորհրդանշական կամուրջ համարվել։

«Մեր համայնքը, որը խորհրդանշում է երկու հին ժողովուրդների համատեղ ապրելու ավանդույթի շարունակականությունը, իր հաստատությունների ցանցով ջերմորեն աջակցում է կարգավորման գործընթացին։ Ինչպես մի ժողովի ընթացքում ասել է Թուրքիայի հայերի ամենապատիվ պատրիարք Սահակ արք․ Մաշալյանը, Թուրքիա-Հայաստան կարգավորումը կարող է փոխել մեր համայնքի ճակատագիրը։ Մեր համայնքը, որն անցած 30 տարվա ընթացքում այս հույսը փորձել է միշտ վառ պահել, այսօր պարոն Էրդողանի և պարոն Փաշինյանի առաջնորդած քայլերի շարունակության առումով կոչ է անում երկու երկրների բոլոր հատվածներին պատասխանատվությամբ և ապագայի տեսլականով գործել։ Մենք էլ մեր կառավարչական փորձով պատրաստ ենք այս պատմական շրջափուլում մեր բոլոր հնարավորությունները մոբիլիզացնել»։

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը Հայկական հիմնադրամների միության սույն հայտարարությունից բացի ներկայացրել է միության ղեկավարի և Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուի անդրադարձը թեմային։ Նա նշել է, որ հեռախոսազրույցը հայ համայնքում մեծ գոհունակությամբ և ուրախությամբ է ընդունվել։

Շիրինօղլուի խոսքով՝ երկու երկրների միջև առկա կարգավորման գործընթացն անցյալի վերքերը բուժելու, նախապաշարմունքները հաղթահարելու և համատեղ ապագայի ճանապարհին նոր մթնոլորտ ձևավորելու տեսանկյունից շատ կարևոր է։

Նաև նշել է, որ Թուրքիան, որը տարածաշրջանի առաջատար երկիրն է, իր կատարելիք քայլերով կարող է փոխել Հարավային Կովկասի ճակատագիրը և դուռ բացել միջազգային հավասարակշռումների վերափոխման համար։ Իսկ Թուրքիայի հայ համայնքը պատրաստ է իր նպաստը բերել այս պատմական շրջափուլում՝ շարժվելով իրեն բաժին ընկնող պատասխանատվության գիտակցումով։

Նմանատիպ նյութեր