211652_close_icon
views-count37747 դիտում article-date 23:54 07-07-2022

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Opel Sintra-ն մխրճվել է բեռնատար Mercedes-ի մեջ. վիրավոր ամուսիններին ավտոմեքենայից դուրս են բերել Մասիսի փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Sintra մակնիշի ավտոմեքենան և Mercedes մակնիշի բեռնատարը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:

Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև փակել են Opel-ի գազաբալոնի փականը, հոսանքազրկել ավտոմեքենաներն  ու սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ  դասակի ավագ տեսուչներ Արայիկ Խաչատրյանն ու Տիգրան Սարդարյանը:

Օպերատիվորեն ժամանել է նաև  ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել են հատկապես կարևոր գործերով  ավագ քննիչներ Սամվել Սահակյանն ու Արթուր Բաբայանը:

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորները ամուսիններ են:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր