211652_close_icon
views-count1949 դիտում article-date 09:01 29-06-2022

Ինքնագլորների գործածության համար որևէ կառույց պատասխանատվություն չի կրում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հավելվածով աշխատող վճարովի ինքնագլորները՝ սամակատները, իսկական պատուհաս են դարձել քաղաքացիների գլխին: Թեեւ ինքնագլորները Երեւան են հասել դեռեւս նախորդ տարվա հոկտեմբերից, բայց արդեն հասցրել են զայրույթ առաջացնել քաղաքացիների մոտ. երեւանյան փողոցներում այսօր անհնար է հանգիստ քայլել, զբոսնել, քանի որ յուրաքանչյուր պահի կարող է մեկը ինքնագլորով ձեզ վրաերթի ենթարկել:

Օրինակ՝ Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը խիստ մտահոգիչ վիճակագրություն է ներկայացրել՝ նշելով, որ էլեկտրական ինքնագլորներից տուժած շուրջ 40 քաղաքացի է տեղափոխվել համալսարանական հիվանդանոց միայն վերջին 3 ամսվա ընթացքում, դրանից հետո, սակայն, որեւէ մեկը պատասխանատվության չի կանչվում. երեւույթը որեւէ կառույցի կողմից վերահսկելի չէ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվել՝ արդյոք նախատեսվում է առաջիկայում քաղաքում ուղիներ նախատեսել ինքնագլորների համար:

Մեր հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանից փոխանցեցին. «Քաղաքապետարանը ինքնագլորների ներկրման հետ որեւէ առնչություն չի ունեցել, դա արվել է մասնավոր ընկերությունների նախաձեռնությամբ, հետեւաբար ոլորտի հետ կապված բոլոր կարգավորումները, հարցերը ձեզ պետք է տա պարեկային ծառայությունը կամ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը»: Ոստիկանությունից այս խնդրի հետ կապված կարճ պատասխանեցին. «Նման նախաձեռնություն լինի, հանրային քննարկման կդրվի»:

Պարզվում է՝ ինքնագլորները ինչ-որ մարդիկ անհասկանալի չափորոշիչներով ներկրել են, ապօրինի չկարգավորված դաշտում աշխատում են, բիզնեսը զարգանում է, սակայն վերահսկողություն չկա: Քաղաքային իշխանությունն անկարող է եւ պատասխանատվություն չի դրսեւորում, ոստիկանությունը չի գործում, եւ հնարավոր է, որ ինքնագլորի վարորդը վրաերթի ենթարկի մարդուն, բայց տրանսպորտային միջոց չհամարվի, մնա անպատիժ: Քաղաքակիրթ այլ երկրներում ինքնագլորների, հեծանիվների համար նախատեսված հատուկ ճանապարհահատվածներ կան, դրանք գործի դնելուց առաջ պատասխանատու ընկերությունը լիցենզիա է ստանում եւ գործում է խիստ վերահսկելի դաշտում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր