ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելթի գլխավորած պատվիրակությունը հունիսի 15-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
Եվրոպայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Նրանք ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո տիկին Մարգարետա Սեդերֆելթը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: